Ռուսական-պլանի-«առեղծվածը»-…-Ստյոպա-Սաֆարյանի-վերլուծությունը

Սերժ Սարգսյանի թիմը և ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին քննադատում են, որ նա Արցախյան բանակցությունները սկսել է ոչ թե իրենց թողած «կետից», այլ «իր կետից» ու անտեսել է թողնված «բանակցային ժառանգությունը»։ Իսկ այդ ժառանգության տակ հիշատակվել են 2016թ․ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Դրանցից առաջինը նախատեսում էր նախ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ դիտորդների տեղակայում Արցախում, ապա առարկայական բանակցություններ Արցախյան խնդրով։ Սանկտ Պետերբուրգյան օրակագը էապես փոխել էր հերթականությունը, դրանցից առաջինը՝ հետաքննությունների ներդնումը հանել /ինչպես ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց՝ Ադրբեջանն այլևս չի խախտում, հետևաբար դրա կարքիը չկա/, ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի քննարկումը բերել 9-11 դիտորդի, որը ոչ մի բան չէր որոշում, ու տակը մնացել էր առարկայական բանակցությունները վերսկսելը, որը Ադրբեջանի ցանկությունն էր։

Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ համանախագահ Սերգեյ Պոպովի, իսկ վերջերս ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հեռակա «փոխհրաձգությունը» ավելի պարզ են դարձնում այդ ժառանգությունը։ Փաստացի, ինչպես նշվեց, Սանկ Պետերբուրգյան մաղով Վիեննայի պայմանավորվածություններից սոսկ մնացել էր «առարկայական» բանակցությունները, որի արդյունքում, Հոգլանդի խոսքերով 2017-ին «սեղանին էր դրվել ռուսական պլանը»։

2017-ի աշնանը, Մինկի խմբից հեռանալուց առաջ Ռիչարդ Հոգլանդը շատ կարճ, բայց առարկայական հրապարակումով հուշել էր, թե ինչի մասին պետք է լինի կարգավորումը։ Դա տպագրել են բոլոր լրատվամիջոցներն ու այսօր ռետրոսպեկտիվ պարզ է դառնում, որ այն իրականում «առարկություն» ու «լրացում էր» այդ պահին սեղանին դրված պլանի, որը, իր խոսքերով խախտում էր տևական «ջենթլմենական պայմանավորվածությունները» խաղաղապահների կազմի /իրենցից ոչ մեկի խաղաղապահ չպետք է լիներ/, Լաչինի միջանցքի մեծության /այն պետք է բավարարեր անվտանգության չափանիշներին/ ու Արցախի կարգավիճակի վերջնական որոշման /միջանկյալ կարգավիճակից զատ դրա որոշման վերջնական համաձանությունների ձեռքբերում/ մասով ․․․

Ահա, այսպիսին է եղել 2017-ի աշնան դրությամբ իրավիճակը ու ահա սա է եղել թողնված «բանակցային կետն» ու «ժառանգությունը»։

Այս ամենի թվարկման նպատակը չէ դրան գնահատական տալը, քանզի համեմատության մեջ այն իհարկե նախըտրելի կարող է թվալ պատերազմի այսպիսի արդյունքների ու զոհերի խորապատկերին։

Սակայն վերադառնանք Փաշինյանի վարած քաղաքականությանը ՀՀԿ-ի ընդդիմախոսությանը։ Եթե նրանք պնդում էին, որ Փաշինյանը պետք է շարունակեր իրենց թողած կետից, ապա դա նշանակում էր, որ Փաշինյանը պետք է համաձայներ 7 շրջաններ վերադարձնելուն, 2017-ին Հոգլանդի ակնարկած՝ անբավարար մեծության միջանցքին, և միայն կռիվ տար կարգավիճակի հարցում․ որքան էլ Փաշինյանը հրապարակավ կամ այլ կերպ ամցած տարիներին խուսափեց ուղիղ խոսել տարածքներ վերադարձնելու ու տարածքայի զիջումների մասին, այդուհանդերձ նրա բազմաթիվ շեշտադրումներ վերաբերել են փոխզիջումների դիմաց Արցախի կարգավիճակ ստանալուն, և դրա համար էր միջազգային միջնորդբներին հռետորական հարցադրում կատարում՝ «նախ Ադրբեջանին հարցրեք, թե ինքն ի՞նչ է զիջում, հետո նոր Հայաստանը կասի»։

Իսկ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու, Մադրիդյան սկզբունքները միատեսակ կարդալու, Ադրբեջանի խանի տասնամյա՝ «Արցախին չի կարող այլ կարգավիճակ տրամադրվել, քան լայն ինքնավարությունը Ադրբեջանից կազմում» կանխորոշող հայտարարությանը «Արցախը Հայաստան է և վերջ» սիմետրիկ հայտարարություն հակադրելը հենց այդ խնդրի լուծմանն ուղղված քայլեր էին, ինչը և պահանջում էր ՀՀԿ-ն։ Կրկնում եմ՝ եթե Փաշինյանը պետք է շարունակեր իրենց կետից, ապա այդ դեպքում մնում էր անել հենց այն, ինչը գրվեց՝ կռիվ տալ կարգավիճակի համար, երբ թե Ադրբեջանը, թե պլանի հեղինակ Ռուսաստանը համակարծիք էին, որ կարգավիճակը պետք է հետաձգվի ու դրա մասին այժմ չխոսվի, դրա շուրջ համաձայնություններն էլ ձեռք չբերվեն։ Իսկ չստացվելու դեպքում Փաշինյանին կմնար սոսկ սահմանել 7 շրջանների հանձնման ժամանակացույցը, ինչը բաց հայտարարում էր Ալիևը պատերազմից անմիջապես առաջ ու ողդջ ընթացքում․․․ Որովհետև այդպիսին էր 2017-ի դրությամբ իրավիճակը և «կետը»․․․

Ու այստեղ է, որ 2,5 տարվա ընթացքում Փաինյանին ՀՀԿ-ի ընդդիմախոսությունը՝ «հողերը չհանձնելու» ակնարկով կամ ավելի ստույգ «հողերը հանձնելու» մեղադրանքով ի ցույց է դնում, որ իրենք էլ լավ գիտեին, թե ինչ կետ է թողնված 2017-ի աշնան դրությամբ, և այդտեղ բացարձակ չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարց, քանի որ Սանկ Պետերբուրգյան օրակարգով հենց մեկնարկել էին «առարկայական բանակցությունները»․․․

Իսկ եթե կողմերը մտնում են դրա մեջ ու շարժվում դեպի կարգավորում կամ համաձայնում դրան, նշանակում է, որ իսկապես՝ էլ ինչ միրջադեպերի հետաքննություն, եթե կոնֆլիկտը հեսա-հեսա կարգավորվելու է ու պատերազմի պատճառը՝ «ադրբեջանական հողերի օկուպացիան» ավարտվելու է․․․

Երբեք կողմնակիցը չեմ եղել Ադրբեջանի խանի հայտարարությունների վրա հղում կատարելու, սակայն երեկվա իր հայտարարությունը, որը հաստատելու է գալիս Հոգլանդի ասածն ու աշնանը հրապարակածը, որ 2017-ի աշնանը «սեղանին պլան է դրված եղել», իսկ Ալիևի ասածով՝ Սերժ Սարգսյանը ժամանակ է խնդրել տարածքների հանձնման ժամանակացույցի համար, հաստատվել է նաև Հայաստանի ԱԽ քարտուղարի վերջին հարցազրույցներից մեկով, որտեղ նա նույնպես ակնրակեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմւը կանգնեցվել է հայկական կողմի տված «խոստման» դիմաց, ու նաև ակնարկվեց 2017-ի այն փաստաթուղթը, որն այլևս չեն հերքում ոչ ռուսական, ոչ ամերիկյան կողմը, մինչդեռ տարիներ առաջ բոլորը՝ սկսած Սերժ Սարգսյանի ԱԳ նախարարից, վերջացրած ՌԴ ԱԳ նախարարով հերքում էին, թե կա լավրովյան պլան․․․

Հետևաբար, բանակցային գործընթացի նախորդած տարիների այս կարևոր մանրամասների գաղտնազերծումը ի ցույց է դնում, թե որքան խեղաթյուրված են եղել դրանք ու որ Հայաստանը արդեն վաղուց կանգել էր պատերազմի շեմին՝ կամ կռվով ու զոհերով փորձել պահել, կամ առանց զոհերի հանձնել և դիմացը կարգավիճակ չստանալ, քանզի պլանը կոչվում էր ոչ թե «տարածքներ/խաղաղություն կարգավիճակի դիմաց» , այլ «տարածքներ/խաղաղություն ապաշրջափակման դիմաց».․․

Հայկական կողմի դիվանագիտական այս ձախողման մեջ, հավատացեք, որ անգամ Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի ամբողջովին պատասխանատու համարելը հնարավոր չէ։ Հայկական կողմի հաշվարկները «կարգավիճակի» խնդրով Մինսկի խմբում արտաքին աջակցության առումով հենվել են սխալ հաշվարկների վրա, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի «ջենթլմենական պայմանավորվածությունները» կհարգվեն, մասնավորապես ԵԱՀԿ արևմտյան համանախագահները կշարունակեն պնդել Արցախի կարգավիճակի վերջնական որոշման հարցում՝ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման «ջենթլմենական համաձայնություն-պայմանավորվածության» դաշտում, ինչը, թվում էր, թե հայկական կողմի համար պայքարի ու շահերի հետապնդման դաշտ է ստեղծում․․․ Իսկ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների արցախյան քաղքականության հաշվարկների մեջ դա մշտապես եղել է։

Եվ ո՞վ կպատկերացներ, որ պատերազմից հետո ռուս համանապագահը կհայտարարի, որ պլանը եղել է Մադրիդյան առաջարկների կրավահաջորդը, իսկ ԱՄՆ համանախագահը կպատասխանի, թե «իրենց զգուշորեն հուշվել է, որ դրան ասեն սեղանի վրայի պլան» ու ինքն էլ կասի, թե այն Մադրիդյան առաջարկներին նման է, թեպետ ակնարկելով, որ Ռուսաստանի համանախագահն էր իրեն ասել, որ «Ռուսաստանը այն երբեք չի իրականացնի, եթե անգամ կողմերը համաձայնեն դրան» ու նաև ակնարկի, որ դա հակամարտության լուծում չէր․․․

Իսկ մինչև 2016թ․ ապրիլյան պատերազմն ու դրանից հետո ամերիկացիներն ասում էին, թե այն իրենց հետ համաձայնեցված չէ, իսկ ռուսական կողմն էլ հրաժարվում էր թե այդպիսի բան կա․․․

Այսօր երկուսն էլ հայտարարում են, որ այդպիսի բան եղել է․․․

Սա ընդամենը մեկ դետալ է մեծ ու բարդ պատկերում․․․

Ստյոպա Սաֆարյան


Post Views:
2