Տոյամա քաղաքի ոստիկանական վարչությունը մեկ օրով իրեն ղեկավար է նշանակել Կոկո անունով կատվին, որն անցյալ տարի օգնել է փրկել տեղի բնակչի կյանքը: Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարվա ամռանը տեղացի բնակչուհին զբոսնելիս նկատել էր մի կատվի, որն ուշադիր նայում էր դեպի քաղաքի ոռոգման ջրանցքներից մեկը: Կենդանու հայացքի ուղղությանը հետեւելով՝ կինը հասկացել էր, որ կատուն հետեւում է ոռոգման ջրանցքի հատակին անգիտակից պառկած տղամարդուն: Նշվում է, որ ջրանցքում ջրի մակարդակը հասել է 15 սմ-ի, այդ իսկ պատճառով տղամարդը խեղդվելու վտանգի մեջ է եղել: Տեղի բնակիչների համատեղ ջանքերով հաջողվել է հանել տղամարդուն: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները կարողացել են վերակենդանացնել տուժածին, որը միայն քերծվածքներ է ունեցել։ Դեռ այն ժամանակ Կոկոն տեղական ոստիկանության կողմից պարգեւատրվել էր:

Ճապոնիայում կենդանիները հաճախ դառնում են խորհրդանշական ղեկավարներ կամ առաջնորդներ: Այսպես, Վակայամա նահանգի Կիսի ճապոնական երկաթուղային կայարանը հայտնի է նրանով, որ երկար տարիներ նրա կառավարիչը Թամա անունով կատուն էր: 2015-ին կատուն մահացել է 17 տարեկան հասակում, բայց շուտով Նիտամա անունով կատուն է նրան փոխարինել այդ պաշտոնում:

«Եւ այսուհետ ես հանդիսավոր կերպով խոստանում եմ զգոն լինել իմ զբոսանքների ժամանակ»,- ասվում է երդման տեքստում, որի վրա ոստիկանական համազգեստով կատուն իր թաթով կնիք է դրել: Կոկոն նաեւ ոստիկանական գլխարկ է կրել:



Աղբյուր