2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, գրում է Aravot.am-ը։

Այն լսվելու է փետրվարի 18-ին, ժամը 11-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։ Ինչպես աղբյուրի հետ զրույցում պարզաբանել է Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի տալու պատճառն այն է,

որ վերջինս 2018 թվականի մարտի 31-ին ներում է շնորհել ու 4 տարի վեց ամիս ժամկետով կրճատել է սպանության մեղադրանքով դատապարտված Հարություն Սարգսյանի ազատազրկման ժամկետը։ Անահիտ Իսկանդարյանը նաև բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը։