Այսօր Երեւանում 57 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը։

Աշուղյանը ծնվել է 1962 թվականին՝ Արարատի մարզի Տափերական գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում եւ որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում: 1998-2008թթ եղել է «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիրը: 1980-ական թվականներից հանրապետական մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով, թարգմանություններով եւ հրապարակախոսական հոդվածներով:

1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական եւ գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը:

Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սեւակի մրցանակի: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: