Բնակարանից ելնող ծխի քուլաները հարևաններն էին նկատել: Երբ այրվող բնակարան էին մտել, կրակի բոցերի միջից տեսել էին տանտիրուհու անշարժ մարմինը, որ սևին էր տալիս ննջարանի հատակին…

1992 թվականի հուլիսի 19-ն էր: Միայնակ ապրող Լյուդային այսպես՝ բոցերի մեջ հայտնաբերեցին տանջահար արված ու կիսաայրված: Տեղափոխեցին հիվանդանոց: 1 օր անց Լյուդան առանց գիտակցության գալու, առանց մի բառ ասելու՝ մահացավ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հայտնի դարձավ, որ Լյուդան հրդեհի զոհ չէ, նրա նկատմամբ բռնություն էր գործադրվել, նրան տանջել էին, կատարվել էր… սպանություն:

Կասկածյալների թվում հայտնվեց նաև Լյուբա անունով մի կին: Դեպքից առաջ նա հետաքրքրվել էր Լյուդայի տան հասցեով, հեռախոսահամարով, զանգահարել էր նրան, հանդիպել էր: Իսկ դեպքից հետո Լյուբան հնգամյա որդու հետ անհետացել էր…

Լյուբայի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Տարիներ անցան…

Զոհը՝ Լյուդան, ու հետախուզվողը՝ Լյուբան, պատահաբար էին ծանոթացել՝ հիվանդասենյակում:

Լյուդան երգչուհի էր, իրեն էքստրասենս էր համարում, ապրում էր միայնակ: Օրերից մի օր նա վրաերթի ենթարկվեց ու ոտքի կոտրվածք ստացավ: Պառկեց ստացիոնար բուժման:

Նույն հիվանդասենյակում կոտրված ոտքով մի կին էլ կար՝ Լյուբայի մայրն էր: Լյուդան ու Լյուբան հիվանդասենյակային մտերմություն հաստատեցին: Հիվանդասենյակը կարծես ընտանեկան ջերմությամբ լցվեց:

Այդպես՝ 3 ամիս անցավ:

Հետո դուրս գրվեցին, յուրաքանչյուրը իր կյանքին վերադարձավ: Պիտի որ միմյանց մոռանային…

Լյուդայի ոտքը չէր ապաքինվում: Նա տանից համարյա դուրս չէր գալիս, տանը երկու ձեռնափայտով էր տեղաշարժվում՝ մեծ դժվարությամբ… Մենակ էր ապրում՝ ընտանիք, ամուսին, երեխա, սիրեկան չուներ…

Լյուբան, որ ամուսին ուներ, երեխա, ընտանեկան բազում հոգսեր, մոր հետ նույն հիվանդասենյակում պառկած Լյուդային կարող էր և բոլորովին մոռանալ:

Բայց Լյուբան հիվանդագին խանդոտ էր: Նա անընդհատ ստուգում էր ամուսնուն, հարցուփորձ էր անում երեխային՝ ո՞ւր է գնացել հայրիկի հետ, հայրիկը օտար մորաքույրի հետ չի՞ եղել, արդյոք…

 

Մի օր էլ երեխայի թոթովախոս պատմությունից Լյուբան եզրակացրեց, որ ամուսինը որդու հետ այցելել է… Լյուդային՝ երեխայի նկարագրությունը Լյուդային հիշեցրեց չգիտես ինչու…

Լյուբայի ամուսինը՝ Հովիկը, բեռնատարի վարորդ էր:

Դեպքից հետո, երբ Լյուբան արդեն հետախուզվողի կարգավիճակ ուներ, Հովիկը ահա թե ինչ հայտնեց քննիչին. «Ես, ճիշտն ասած՝ կանանց սիրող մարդ եմ, շատերին եմ հանդիպել, շատերի հետ եմ դավաճանել կնոջս, բայց էդ Լյուդայի տան տեղն անգամ չեմ իմացել:

Հիշում եմ՝ զոքանչս հիվանդանոցում էր, նույն հիվանդասենյակում կաստիլով մի կին կար: Էդքան բան: Ինչ վերաբերում է իմ կին Լյուբային, նա տարօրինակություններ ուներ: Մինչև ամուսնանալը չէի նկատել:

Բայց մեր ամուսնական կյանքը շուտով դժոխքի վերածեց՝ ում հետ խոսում էի՝ խանդում էր: Բանը հասել էր նրան, որ վախենում էի, թե մի գիշեր ինձ կխեղդի կամ կթույնի:

 

Նրա հետ համատեղ կյանքը դարձել էր անտանելի՝ հարձակվում էր, գոռգոռում, տան եղած-չեղածը գլխիս էր տալիս: Հանուն տղայիս՝ Լյուբայի հետ գլուխ չէի դնում:

Բայց նա ավելի էր կատաղում: Ես միշտ վախենում էի, որ խանդի հողի վրա մարդ կսպանի: Դաժե մորս էր խանդում…»:

Հետախուզվող Լյուբան Հայաստանից բացակայեց 5 տարի: Որդու՝ արդեն 10 տարեկան տղայի հետ Լյուբան Հայաստան վերադարձավ 1997 թվականի հոկտեմբերին: Մտածում էր՝ արդեն մոռացած կլինեն, իրեն չեն փնտրի: Բայց Հայաստան ժամանելուն պես նա բռնվեց:

Պետք է ասել, որ հանկարծակիի չեկավ: Համարյա անմիջապես խոստովանեց կատարածը: Մանրամասներ պատմեց:

Երեխան ևս հարցաքննվեց, որովհետև ծանր հանցագործությունը մայրը կատարել էր… հինգ տարեկան որդու աչքերի առաջ: Մորն ու որդուն արդեն ոչ միայն պորտալարն էր կապում, այլև կատարված ոճրագործությունը՝ սպանության, սարսափի, կրակի հիշողությունը…

Լյուբա Մ.-ն հայտարարեց. «Խանդի հողի վրա եմ սպանել, ես շահադիտական նպատակներ չեմ ունեցել…

Երբ երեխայի պատմածից ենթադրեցի, որ ամուսինս նրան ինչ-որ կնոջ տուն է տարել, անմիջապես կասկածեցի Լյուդային: Որոշեցի ապացույցներ ձեռք բերել:

Ես հարյուր տոկոսով համոզված էի, որ ամուսինս Լյուդայի տուն է գնացել, նրա հետ է կապված: Մնում էր, որ Հովիկին ու Լյուդային ապացուցեի՝ դա իմ պրինցիպիալ լինելուց է…»: