Երեւանում երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Կայքի տեղեկություններով՝ նրան ոստիկանությունից հեռացնելը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Ավելին, նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):

Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Հետո նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ:  Ավելի ուշ, Վովա Գասպարյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:

Նշենք, որ օրերս Դոգը հայտարարել էր, թե սենսացիոն տեղեկություններ ունի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի ու գործունեության վերաբերյալ, եւ սպառնացել էր հրապարակել այդ տեղեկությունները: