[ad_1]

Իրանական Նաթանզ քաղաքում գտնվող ատոմակայանում ենթադրաբար Իսրայելի կազմակերպած պայթյունի պատճառով էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի խափանումը կարգավորելու և աշխատանքները վերսկսելու համար կարող է պահանջվել առնվազն 10 ամիս, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների խոսքերը, նշում է` միջուկային օբյեկտին հասցված վնասը «տեղի է ունեցել հզոր պայթյունի հետևանքով. այն ամբողջությամբ ոչնչացրել է ներքին էներգետիկ համակարգը, որն ապահովում է ուրան հարստացնող ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքը»: Խոսքն իսրայելական կիբեռհարձակման մասին է, որին ներգրավված է «Մոսադ»-ը (իսրայելական ազգային հետախուզական ծառայություն՝ խմբ.):

Միևնույն ժամանակ, ամերիկացիներն իսրայելական կողմի դերն այս հարձակման մեջ անվանում են «միտումնավոր ծրագրված»: Հետախուզության աշխատակիցները նշել են, որ Նաթանզում աշխատանքը վերսկսելու համար կարող է պահանջվել առնվազն 10 ամիս:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ դեռ տեղեկություններ չկան այն մասին` արդյոք Սպիտակ տունը տեղեկացված է եղել Իսրայելի ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի գիշերը իրանական ատոմակայանում, որը Իրանի ուրանի հարստացման ծրագրի կենտրոնական տարրն է և վերահսկվում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից, տեղի է ունեցել էլեկտրական ցանցերի հետ կապված վթար:

Փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն և ասել, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում վրեժխնդիր լինել մեղավորներից:



Աղբյուր