«Ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռևս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլյան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։

Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զեկույցը չի հանրայնացվի, և դրա հետ կծանոթանան սահմանափակ թվով մարդիկ։ «Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա»,- ասել է նա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններին ուղղակի ձեռնտու չէ ՀՀ-ում ներկայումս ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին հրապարակել այդ զեկույցը։

Մյուս կարևոր պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կապված է նրա հետ, որ եզրակացության հրապարակումից հետո պայթելու են մի շարք միֆեր, որոնք մինչ այդ գոյություն ունեին Ապրիլյան պատերազմի շուրջ (զինվորները կռվել են բահերով, դիրքերում խոտ են կերել, դիզվառելիք չի եղել և այլն)։ Սրանք այն միֆերն են, որոնք այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ շահարկել են և դարձրել են ժողովրդին մոլորության մեջ գցելու հիմնական դրոշակներից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, զեկույցը չհրապարակելու հաջորդ պատճառներից է որոշ զինվորականների՝ մեղմ ասած, ոչ «վառ գույներով» ներկայանալու հեռանկարը: Խոսքը մասնավորաբար նրանց մասին է, որոնք ներկայումս իշխանության սիրելիներն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 



Աղբյուր