[ad_1]

Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը կրկին այս իշխանության պոպուլիստական պայքարի տրամաբանության մեջ է տեղավորվում, որովհետև կոռուպցիա, նաև քաղաքական կոռուպցիա կա գործող իշխանության ցանկացած ոլորտում, իսկ այս պարագայում ժողովրդին կրկին մանիպուլացնելու նոր թեմա է ստեղծվում, թե իբր դատարաններ կան, որ չեն կարողանում կոռուպցիան քննել, ինչը այդպես չէ. Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու իշխանության որոշմանը:

«Դատարաններն այս երեք տարվա ընթացքում մեծամասամբ ապացուցել են, որ կարողանում են քրեական գործեր քննել, իսկ այս գործողություններն ուղղված են իրենց սրտի, իրենց կողմից նշանակված և պատվերներ իջեցնող դատարաններ ստեղծելուն»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունը լուծարելուն և  փոխարենը հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելուն, Պողոսյանն ասաց, հակակոռուպցիոն քննչական մարմինը, որ փորձում են ստեղծել, ունենալու է իր ուրույն հետաքննության մարմինը, այսինքն՝ օպերատիվ բլոկ է ունենալու, ինչը  հետքայլ է գործող իրավակարգավորումներից, որովհետև մինչև 2005 թվականը Դատախազությունում ևս կար քննչական մարմին և հենց այդ նկատառումից ելնելով, որ քննողն ու հսկողություն իրականացնողը նույն մարմինը չլինի, Սահմանադրությամբ Դատախազությունից վերացավ քննչական գործողություն կատարելու ֆունկցիան:

«Ես կարծում եմ, որ շատ ճիշտ ճանապարհով գնաց Հայաստանի Հանրապետությունը, երբ Ոստիկանությունից օպերատիվ և հետախուզական աշխատանք իրականացնող մարմիններից առանձնացրեց քննչական կոմիտեն, որը որ կաշկանդվածություն չէր ունենա, այսպես ասած, նույն համակարգում կատարվող օպերատիվ գործողությունների հետ կապված: Իսկ այս կերպ, կրկին հետքայլ է կատարվում, ստեղծվում է յուրայինների խմբակ, որոնք որ պատրաստ են ցանկացած իշխանության պատվերը կատարել: Օրինակ՝ պետք է հայտարարել ազգի թշնամի  կոռուպցիոներ, այդ մարմինը լծվելու է այդ գործին ու գործը գնալու է նաև իրենց ընտրած դատարանների մոտ, այս առումով որևէ արդյունք ՀՀ-ն չի ունենալու, որովհետև առկա գործիքակազմը և կադրերը թույլ են տալիս քննել և իրականացնել ցանկացած տիպի գործերի քննությունը: Սակայն իշխանությանն անհրաժեշտ է պոպուլիստական ասպեկտով այս հարցը օգտագործել»:

Հարցին, թե հնարավո՞ր է նաև քննության առարկա դառնան արդեն դատական վճիռ ունեցող գործերը, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ  չի կարծում, որ իշխանությունն այդ մասշտաբների անօրինականությունների կգնա, բայց դեպքեր կան նաև Գլխավոր դատախազությունում, որ այն գործերով, որոնցով  քննիչի կողմից վերջնական որոշում  է կայացված եղել, իշխանության փոփոխության ժամանակ առանց օրենսդրական սահմանափակումների այդ գործով վարույթ են նորից նախաձեռնել:

Անդրադառնալով Քննչական կոմիտեի լուծարման դեպքում առաջացող խնդիրներին, փաստաբանն ընդգծեց, որ թե՛ տեխնիկական ապահովության առումով, թե՛ նոր կադրերի հետ կապված և թե՛ իրավական առումով խնդիրներ են առաջանալու. «Խնդիրներ կարող են առաջանալ լուծարվող մարմնի վարույթում՝ արդեն իսկ առկա գործերի հետ կապված, ինչը պետությունը ստիպված է լինելու իր գրպանից վճարել այդ խնդիրները լուծելու համար: Սա արվում է պոպուլիստական նպատակներով, իշխանությունը փորձում է դիրքավորվել և իրավապահ համակարգը որպես մահակ օգտագործել նախկին պաշտոնատար անձանց կամ իրենց պաշտոնավարման ժամանակ ինչ -որ դիրքորոշման փոփոխություն ունեցող պաշտոնատար անձանց նկատմամբ»:

 



Աղբյուր