[ad_1]

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հաստատել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը ղեկավարող անկախ փորձագետի հրապարակած դիտողություններն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան սպառնացել է իրեն, հայտնում է Al Jazeera լրատվականը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի մամուլի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը հաստատել է Ընդհանուր մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Ագնես Քալլամարդին ուղղված սպառնալիքների վերաբերյալ The Guardian թերթում հրապարակված մանրամասները։

Քալլամարդը The Guardian-ին հայտնել է, որ սպառնալիքը հնչել է 2020 թվականի հունվարին Ժնևում՝ Սաուդյան Արաբիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ժամանակ։

2019 թվականին հրապարակված զեկույցում Ընդհանուր մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Ագնես Քալլամարդը նշել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալամը և սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատու են The Washington Post-ի սյունակագիր և թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանության համար։ Զեկույցի հրապարակումից հետո սաուդցի բարձրաստիճան պաշտոնյան խոստացել է «հոգ տանել» փորձագետի մասին։

Քալլամարդն այժմ զբաղեցնում է Amnesty International-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:



Աղբյուր