[ad_1]

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ նշել է, որ մեր ընտրանին ֆավորիտ է այս խաղում:

 «Բայց մենք ցանկանում ենք խաղից խաղ առաջ գնալ. եթե ցանկանում ես աճ գրանցել, պետք է քաջ լինես ու ռիսկի դիմես»,- ասել է 41-ամյա մասնագետն այսօր կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում:

Մարզիչը նշել է, որ իրենց համար խնդիր է այն, որ այս պահին շատ խաղացողներ առաջնության ռիթմի մեջ չեն, ամեն դեպքում մարզիչն ընդգծել է, որ կարևոր է այն, թե ով պատրաստ կլինի մտքով.

«Դրանից հետո կտեսնենք, թե ինչ ուժ կներկայացնենք մեզանից»:

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ վաղը թիմը նոր ավագ կունենա՝ ի դեմս 29-ամյա պաշտպան Նիկոլաս Հասլերի: Հասլերը ևս ներկա է եղել մամուլի ասուլիսին և կիսվել իր սպասելիքներով.

«Առաջիկա երեք մրցակիցներից կառանձնացնեմ Հյուսիսային Մակեդոնիային: Նրանք ինձ շատ են զարմացրել, հիանալի ֆուտբոլ են խաղում: Իսլանդիան շատ ամուր թիմ ունի, իսկ Հայաստանի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին արդեն 3-րդ անգամ ենք խաղալու նրանց դեմ:

Շատ բարդ խաղեր են սպասվում, բայց մենք անկասկած չենք թաքնվելու»:

ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին, և կմեկնարկի 23:45-ին:



Աղբյուր