[ad_1]

Ինչպես 1921-ի մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի կնքման օրը, այնպես էլ այսօր մենք չունենք անկախություն, այն կա միայն դե յուրե, իրավիճակները շատ համեմատելի են. ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա մեր ուժը չի բավարարում՝ միջազգային իրավունքը հօգուտ մեզ թելադրելու, մենք կորցրել ենք անկախության և ինքնիշխանության ահռելի բաժին, զրկվել ենք տարածքներից, ջախջախիչ պարտություն ենք կրել, մարդուժ և տեխնիկա ենք կորցրել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

«Այս պատերազմը մենք չենք կասեցրել, դա արել է Ռուսաստանը։ Մեր սահմաններն այսօր մենք չենք պահում, և եթե նախկինում ՌԴ-ն պահում էր միայն հայ-թուրքական սահմանը, ապա այսօր նաև՝ հայ-ադրբեջանականը։ Տարիներ առաջ մենք ունեինք լուրջ ռազմաքաղաքական կշիռ տարածաշրջանում, Ադրբեջանը մեզ հետ այդ լեզվով չէր խոսում, ունեինք դաշնակիցներ։ Մենք պատերազմում հաղթած պետություն էինք և մեր դիրքերը չէինք զիջել, բանակցությունները մինչև Փաշինյանի՝ իշխանության գալը հօգուտ մեզ էին ընթանում»,- ասել է հասարակական գործիչը:       

Ըստ Ալվրցյանի՝ Մոսկվայի պայմանագիրը վերարծարծելու համար պետք է ինքնիշխան կառավարություն ունենալ, իսկ սա կամակատար, դրածո կառավարություն է, վարչապետն էլ ծաղրուծանակի առարկա է թուրքական երկու պետությունների ղեկավարների համար. «Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի ընդունում, նա այնքան թույլ է, որ Էրդողանը նրան աջակցում է իշխանությունը պահելու հարցում։ Նա կորցրել է իր լեգիտիմությունը։ Այսօր նույնիսկ Ադրբեջանի հետ սահմանները չենք կարողանում վերահսկել։ Փաշինյանը գործում է պետության շահերի դեմ, հայ բոլշևիկները սրանց համեմատ շատ ավելի ինքնիշխան ու պետականամետ էին։ Փաշինյանը գուցեև դավաճան է, բայց նա նախ ազգի և պետության թիվ մեկ ներքին թշնամին է»:

Հասարակական գործչի կարծիքով՝ Փաշինյանն է կազմակերպել մեր զորքի պարտությունը, իսկ ԳՇ-ն և Օնիկ Գասպարյանը վատ ծառայություն են մատուցել և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո. «ԳՇ-ն ի վիճակի չեղավ կասեցնելու մեր պետությանը հասցված հարվածը, պարտությունից չորս ամիս անց ասացին՝ Փաշինյանը վտանգ է ներկայացնում, հետո էլ նրան պատվի առան, փոխանակ թիկունքով շրջվեին։ Բանակի հայտարարությունից հետո ժողովրդի ոգևորությունը վերելք ապրեց, բայց այդ պահին Օնիկ Գասպարյանը հեռացավ, գնաց վարչական դատարան՝ բողոքարկելու իր ազատումը, փոխանակ պաշտպաներ ժողովրդի շահը»:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավարի պնդմամբ՝ մինչև պատերազմը Փաշինյանը հասցրել էր գեներալիտետը դարձնել ձեռնասուն: «Մենք կորցրել ենք մեր հետաքրքրությունն աշխարհի համար, քանի որ տարածաշրջանում մեր դերակատարումը կարևորվում էր Արցախով։ Այս իշխանությունը բերվել էր՝ Արցախը հանձնելու և ռուսական ռազմակայանը Հայաստանից հանելու համար, վերջինը դեռևս չեն կարողացել անել։ Պուտինի մտքով նույնիսկ չանցավ, որ այս պատերազմում Փաշինյանի և Ալիևի միջև Արցախը հանձնելու մասին փոխադարձ համաձայնություն կար, երբ դա հասկացավ, կանգնեցրեց պատերազմը, որ գոնե Ստեփանակերտում ռուսական զորք լինի»,- ամփոփել է Հայկազուն Ալվրցյանը:

Դավիթ Սարգսյան       

 



Աղբյուր