Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից[7][8][9]։ Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, Հադրութ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ Հադրութ բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայրերից։

Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա[4]։ Համայնքը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 750-ից 800 մ[3]։ Ունի 2581,12 հա տարածք, որից 235,56 հա անտառային հողեր են[4]։

Պատմություն
Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Հնում Հադրութ քաղաքը մտել է Մեծ Հայքի Աղվանից աշխարհի Դիզակ գավառի կազմի մեջ։ Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։

Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։

Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15–ին Հադրութեցիներին օգնության հասան աֆղանականների ջոկատը։ Զոհերի թափած արյան շնորհիվ Հադրութը մնաց կանգուն և հենց այդ պատմական օրն էլ նշվում է Հադրութի շրջանի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։

Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։ Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։ 1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի[10]։