Օրենքով գող (ռուս.՝ вор в законе — ոռ վ զակոնե), հասկացություն, որը նկարագրում է խորհրդային և հետխորհրդային երկրներում, ինչպես նաև համապատասխան արտասահմանյան գաղթավայրերում «քրեական հեղինակություն» (ավտորիտետ) վայելող պրոֆեսիոնալ հանցագործ անձանց շնորհվող հատուկ պաշտոնական կարգավիճակը։

Ձևավորվել է 1930-ական թվականներին խորհրդային կալանավայրերում։ Միևնույն ժամանակ, սույն կարգավիճակն ունեցող անձինք հանցագործ աշխարհում և քրեակատարողական հիմնարկներում վայելում են բարձր հեղինակություն և ցածր կարգավիճակով անդամների հանդեպ ոչ պաշտոնական իշխանություն ունեն։

Հատկանիշներ
Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը, հանցավոր խմբավորումներ կազմակերպելու կամ ղեկավարելու ունակությունը, տվյալ միջավայրի ավանդույթները և կանոնները պահպանելը կամ հանցավոր համագործակցության դրամական ֆոնդ (օբշագ) խոշոր գումարներ ներդնելը։

Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների) մեջ կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, աղբյուրները և ծավալը՝ լրացնելով հանցավոր համագործակցության դրամական ֆոնդերը,

համագործակցելով մյուս հանցախմբերի կազմակերպիչների և ղեկավարների հետ, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։