Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում շիրակցի գերիների հարազատները։ Նրանք գործադիրից պահանջում էին հասնել Ադրբեջանում գերության մեջ պահվող իրենց հարազատների վերադարձին։

Կառավարության շենքի մոտ հավաքվածները հստակ պատասխաններ էին ակնկալում վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ավելի քան մեկ տարի գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին տեղեկացրել էր, որ եթե Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպում այդպես էլ չկայանա և իրենց հստակ պատասխաններ չտրվեն, ապա կգիշերեն Կառավարության շենքի դիմաց։

Ուշ երեկոյան գերեվարված պահեստազորայինների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա, թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ Արկադի Հովհաննիսյանը չցանկացավ հայտնել։ Վերջինս տեղեկացրեց, որ պաշտոնյան լսել է իրենց պահանջները և վստահեցրել, որ առավելագույնն է արվում գերիների վերադարձի համար։ Նա նաև հայտնել է՝ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադարձվի հայրենիք։

Հիշեցնենք՝ գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց էին նաև դեկտեմբերի 31-ին, սակայն Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չէր եղել և որևէ պատասխան չէին ստացել։ Պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված առնվազն մի քանի տասնյակ հայ գերի, նրանց թվում է եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շիրակցիների մի մասը: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։l