13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։ «Կեսարյան հատում որոշվեց տարիքից ելնելով և պտղի դիրքի հետ կապված», – պարզաբանեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:

Մարզերից մեկում անչափահաս ու հաշմանդամություն ունեցող աղջնակի հղիության լուրը պայթեց ամիսներ առաջ: «Ազատություն TV»-ն նույնպես անդրադարձավ խնդրին ու սոցիալական աջակցություն ու քաղաքականություն իրականացնող մարմինների անգործությանը:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերը առողջական խնդիրներ ունեն: Նրանց պնդմամբ, աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն էր: Հարուցվել է քրեական գործ: Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով, կասկածյալների շրջանակ կա, սակայն մեղադրյալներ դեռ չկան․ – «Ընթանում է նախաքննություն:

Քննչական կոմիտեն նախաձեռնում է քննչական գործողություններ: Այս պահի դրությամբ նախաքննական մարմինը ունի կասկածյալների որոշակի շրջանակ: Ըստ էության, մեր անչափահաս տուժողը կոնկրետ ցուցմունք է տվել, բայց իրենք որոշում կայացրեցին նշանակել փորձաքննություն»: