Կարդացեք նաև՝

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․

օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից[5][6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային[7], հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ[8]։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում[9]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին[10]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[10]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[10], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը[10]։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում)[11] և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)[9]։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով՝ այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է՝ խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը[12]։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն[12]։ Պետական լեզուն անգլերենն է[13], որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[14]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։