ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում որոշակի տարակուսանք է հայտնել, երբ լրագրողներից մեկը հարցրել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական գերեզմանաքարերի, մշակութային կոթողների հանդեպ ադրբեջանական վանդալիզմի մասին՝ փորձելով հասկանալ՝ այդտեղ Ռուսաստանը դեր ունի՞, թե՞ ոչ:

Զախարովան ասել է, թե պետք է ներկայացնել կոնկրետ օրինակներ՝ տարածքներով, իսկ Ռուսաստանի դերի վերաբերյալ տարակուսել, որ կարող է լինել այդպիսի հարցադրում: Ռուսաստանի ԱԳՆ սոխակ, ներողություն՝ խոսնակ Մարիան իզուր է տարակուսում:Ադրբեջանցիները քանդում են հայկական հուշարձաններն ու շիրմաքարերը, այդ ամենը նկարահանելով և գցելով համացանց: Վանդալների խրախճանք է, որը «միջազգային իրավունքի» ուժ է ստացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի համաձայնագրով:

Դրանում շոշափվում են մարդասիրությանը, մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրներ: Ավելին, Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույցներում հավաստիացնում է, թե կպաշտպանի դրանք:Հետո, իհարկե, բոլորը տեսնում են համացանցում, թե ինչպես են պաշտպանվում հայկական շիրիմները, շիրմաքարերը, կոթողները, եթե դրանց կողքին կանգնած չեն ռուս խաղաղապահներ:

Իհարկե, այլ հարց է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մոդերատոր և պատասխանատու Ռուսաստանը համբերատար սպասում է, այդպիսով թույլ տալով, որ ադրբեջանցիները իրենց ձեռքով հասունացնեն ռուս խաղաղապահների տեղակայման աշխարհագրությունն ընդլայնելու խնդիրը: Բայց հարցն այն է, որ մինչև այդ հարցը հասունանա այսպես ասած՝ առաջ մղելու աստիճան, հայկական կոթողներից և շիրմաքարերից, թերևս, բան չի մնա:

Թեև դա, իհարկե, Ռուսաստանին հազիվ թե հետաքրքրի, քանի որ կարևորը խաղաղապահների աշխարհագրությունն ընդլայնելն է, թեկուզ «ավերակների վրա»:Մտածել, թե Պուտինը հավատում է Ալիևի հավաստիացումներին, թե կպահպանեն հայկական ժառանգությունը, կլինի ծիծաղելի: Պարզապես նրան չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը: Այն, ինչ նրան հետաքրքրում էր՝ Ալիևի ստորագրությունը Արցախ ռուս խաղաղապահների լեգիտիմ մուտք ապահովելու համար, նա ստացել է:

Այժմ պետք է ստանալ խաղաղապահների աշխարհագրությունն ընդլայնելու ծանրակշիռ փաստարկներ: Ադրբեջանական վանդալիզմը տալիս է դա, միաժամանակ Ալիևին ավելի կախվածության մեջ դնելով Ռուսաստանից, քանի որ վանդալիզմի ակտերը լինելու են Հաագայի ալիևյան գործի ծանրակշիռ բաղադրիչներ:

Ինչ դեր ունի այստեղ պաշտոնական Երևանը: Գոնե պատրաստո՞ւմ է Հաագայի թղթապանակը, թե՞ սպասում՝ ինչ կասի Պուտինը, կախված Ալիևի հպատակության աստիճանից: