Վարկային ներումների մասին մարդիկ երազում էին դեռ «Քայլի» հեղափոխության օրերից՝ սկսած այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր ծրագրային ելույթում ասաց․ «Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նեղ վիճակից, աներեւակայելի բարձր տոկոսներով վարկեր են բեռնել քաղաքացիների վրա»։Այդ պահից սկսած՝ հայ ազգի մոտ էյֆորիա սկսվեց։ Բոլոր նրանք, ովքեր տարիներով կուտակված պարտքեր ունեին բանկերին, «սեւ ցուցակներում» էին կամ «փախած» էին, ովքեր բանկային պարտականություններից խուսափելու նպատակով գրանցումից դուրս էին եկել, ունեցվածքն էին վերաձեւակերպել հարազատների անուններով, ովքեր ռուսաստաններ էին փախել՝ հույսով, որ գումար կաշխատեն ու պարտքերը կվերադարձնեն,

աշխուժացան եւ հույս փայփայեցին, որ իրենց պարտքերը «ջրվելու» են։Շուտով, սակայն, պարզվեց, որ մայր գումարները ենթակա են վճարման, իսկ վարկային համաներումը տարածվելու է միայն տույժ ու տուգանքների վրա։ Դրանց համաներման հարցն ԱԺ-ն շոշափեց հունիսի 17-ին «Հարկային օրենսդրության փոփոխությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ։ Փոփոխությունների փաթեթով, որը մշակել է ֆինանսների նախարարությունը եւ որը միտված է գործարար ակտիվության խթանմանն ու հարկային վարչարարության բարելավմանը, նախատեսված է ստեղծել հնարավորություն,

The session of the Eurasian Intergovernmental Council took place at the Karen Demirchyan Sports and Concerts Complex

որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թ․ մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները: Օրենսդրական փոփոխությունը գործում է հուլիսի 1-ից եւ վերաբերում է բոլոր տեսակի վարկերին։**Բանկերի մեծ մասը շահագրգռված է ներելու վարկային պարտավորությունները**

Բանկերը նախկինում էլ, մինչեւ այս օրինագծի ուժի մեջ մտնելը, կարող էին, անվճարունակ վարկառուների հետ բանակցելով, վարկի մարման մեղմ գրաֆիկ սահմանել, «ջնջել» տոկոսները եւ պարտքի մարումը սկսել զրոյից։ Տարբերությունն այն է, որ այս օրինագծի ուժի մեջ մտնելով՝ ոչ միայն քաղաքացին է «համաներվում», ազատվելով տույժ-տուգանքից, այլեւ բանկը, որին պետությունը հարկային պարտավորության մի մասն է ներում։ Եկա­մուտ­ների
քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ **Օրի Ալավերդյանը** պարզաբանում է․ «Միտքը հետեւյալն է․ բանկերը շատ հաճախ չէին ներում ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները, որովհետեւ հարկային հետեւանքներ էին ունենում դրա արդյունքում։ Ներելուց բացի, իրենք նաեւ հարկեր պետք է վճարեին, իսկ այս փոփոխությամբ ֆիքսվեց, որ այն դեպքում, երբ որ բանկը կների քաղաքացու վարկային պարտավորության մաս կազմող տույժերն ու տուգանքները, այդ գումարի մասով բանկը հարկային պարտավորություններ չի կրելու։

Այն, որ օրենսդրությամբ սահմանվել է, որ բանկերը կարող են առանց հետեւանքների ներել պարտավորությունները, դա դեռ չի նշանակում, որ նրանք պարտավորված են այդ քայլն անել։ Սա ընդամենը բանկերի հնարավորությունն է՝ առանց հարկային հետեւանքների ներել այդ գումարները։Մեծ հաջողությամբ նրանք կարող են նաեւ հրաժարվել այդ հնարավորությունից»։ Ըստ Ալավերդյանի, անհուսալի են համարվում մոտ 10-12 հազար գյուղատնտեսական վարկեր, որոնց հաշվարկված տույժերը կազմում են 4-6 մլրդ դրամ։ Ինչպե՞ս կարող են քաղաքացիները ծանոթանալ անհույս վարկերի ցուցակների հետ, իմանալ՝ «ներվա՞ծ» են, թե՞ ոչ։ «Չկա հատուկ ցուցակ, որը կհրապարակվի, կամ սահմանված ընթացակարգ։ Յուրաքանչյուր բանկ ինքը կարող է ասել՝ անհուսալի՞ է, թե՞ չէ։ Ընդհանուր կանոնը հետեւյալն է․ վարկային պարտավորությունն անհուսալի է ճանաչվում իր առաջին կատարման ժամկետը բաց թողնելուց մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ եթե բանկային պարտավորությունը պետք է վճարվեր, օրինակ, հուլիսի 10-ին եւ չի վճարվել ու հաջորդ մեկ տարվա ընթացքում եւս չի վճարվում, ապա հաջորդ հուլիսի 10-ին այն համարվում է անհուսալի։Սա սահմանված է ֆինանսների նախարարության եւ ԿԲ-ի համատեղ հրամանով։ Քաղաքացին պետք է դիմի բանկին, քանի որ բանկի իրավունքն է՝ օգտվել օրենսդրական հնարավորությունից։ Նա պետք է փոխհամաձայնության գա վարկատու բանկի հետ առկա տույժերը ներելու մասով, իսկ բանկը պետք է ասի՝ թո՞ւյլ է տալիս, թե՞ ոչ»,- ասաց Ալավերդյանը։ Օրենսդրական փաթեթի մշակմանն առեւտրային բանկերը մասնակցե՞լ են։ «Կարող եմ ասել, որ բանկերի մեծ մասը շահագրգռված է ներելու վարկային պարտավորությունները»,- ասաց ֆիննախի պատասխանատուն։