Ռոբերտ Քոչարյանը գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոց Ստեփանակերտում, հաճախել է ազատ ոճի ըմբշամարտի դասերի։ Մոր պնդմամբ նաև հաճախել է ջութակի դասերի, որոնք դադարեցրել է երեք տարի անց։ Այնուհետև մեկնել է Մոսկվա ու ընդունվել Մոսկվայի Էներգետիայի ինստիտուտ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ տարիներին Մոսկվայում բնակվող քրոջ ու նրա ամուսնու օգնությամբ սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն, քաղաքական ու աստվածաբանական գրականություն, իմացել Ստալինյան բռնաճնշումների մասին, ծանոթացել մի շարք մտավորականների աշխատանքների։ Հաջորդ տարի ուսանողական պարահրապարակում վեճի է բռնվել հարբած մի երիտասարդի հետ, ում հետ խորհուրդ էին տալիս գործ չունենալ, քանի որ ինստիտուտի ղեկավարներից մեկի որդին էր։ Վերջինիս հետ կռվի բռնվելուց հետո Քոչարյանին կանչել են դեկանատ ու ստիպել բացատրություն գրել՝ սպառնալով հեռացմամբ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկանատի հետ փչացած հարաբերությունների ֆոնին՝ նա հեռացել է ինստիտուտից ու վերադարձել Ստեփանակերտ[5]։

1971 թվականին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում որպես հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ Հաջորդ տարի նա զինկոմիսարիատից զորակոչման ծանուցագիր չի ստացել՝ հավանաբար քանի որ Մոսկվայում ուսումը դադարեցնելուց հետո իր թղթերի ուղարկման հետ կապված խնդիրներեն եղել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա հորը խնդրել է կապվել զինկոմիսարի հետ, ում վերջինս ճանաչում էր, որ իրեն զորակոչվի նույն տարի։ 1972-1974 թվականներին մեկնել է ծառայության Խորհրդային բանակ, սակայն հիասթափությամբ իմացել է, որ իրեն ուղարկում են ոչ թե դասական ծառայության, այլ երկաթուղային զորքեր, որոնց գոյության մասին իմացել է հենց այդ ժամանակ։ Ծառայությունը անցել է Չերեպովեցկի ուսումնական զորամասում, հետո Պուշկինո քաղաքում, իսկ այնուհետև Վոլոգդայում։ Վերջին տարին ծառայության է անցել Մոնղոլիայի Դարխան ու Էրդենետ շրջաններում՝ անապատային ծանր պայմաններում[5]։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա ու շուրջ մեկ տարի աշխատել որպես շինարար։ Այնուհետև վերադարձել է Ստեփանակերտ ու աշխատել Ստեփանակերտի մետաքսի գործարանում՝ որպես էլեկտրիկ[5]։

1977 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ կուրսը գերազանց ավարտելուց հետո՝ չնայած դասախոսների հորդորներին մնալ ինստիտուտում ու հետագայում զբաղվել գիտությամբ՝ փոխադրվել է հեռակա ուսուցման ու կրկին վերադարձել Ստեփանակերտ։ 1982 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ինստիտուտը[5]