Նարեկ Մանթաշյանը, ով ՀՀԿ անդամ է, նախկինում եղել է գյուղատնտեսության նախարարի օգնական, այսօր համարում է, որ ԳՆ ենթակայութմաբ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը խախտել է իր իրավունքը՝ «ապօրինի կերպով ազատելով աշխատանքից»: Մանթաշյանը տեղի ունեցածի մասին երեկ բաց նամակ է հղել կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին:

Panorama.am-ի հետ զրույցում ասաց, եթե արձագանք չլինի, ապա պատրաստ է խախտված իրավունքի վերականգնման համար պայաքարել դատական ճանապարհով, դիմում գրել նաև ՀՀ գլխավոր դատախազին:

«Այս քայլերի մեջ ես տեսնում եմ պաշտոնի գերազանցման քրեածին տարրեր: Հետքայլի տեղ չեն թողել: Բոլոր տիպի մարդկային ու աշխատանքային հարաբերությունները ես փորձել եմ պահպանել»,-ասաց նա:

Բանն այն է, որ Մանթաշյանն այս տարվա մայիսին մասնակցել է քաղաքացիական ծառայության ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։ Նրա ներկայացմամբ, մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ Մանթաշյանը ճանաչվել է մրցույթի հաղթող։

Վարչապետին ուղղված բաց նամակում նա մանրամասնել է. «Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ»:

Մեկ ու կես առաջ գրված դիմումը, որում ամսաթիվ չի եղել, Մանթաշյանն ասում է՝  դրել են շրջանառության մեջ, իրեն ազատել աշխատանքից. «Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն։ ցանկանում եմ նշել որ ես լինելով վատառողջ, չեմ գրել և չէի էլ կարող գրել դիմում և ներկայացնել Ծառայություն»:

Նա խնդրել է կառավարության ղեկավարի միջամտությունը իր հանդեպ «կատարված անօրինականությունը պարզելու ինչպես նաև իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու կապակցությամբ»: Կառավարությունից այսօր նրա հեռախոսազանգին ի պատասխան, ասել են՝ նամակին կպատասխանեն մեկ ամսվա ընթացքում: