ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում կրքերը թեժացան, որի արդյունքում ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը հանեց իր կողմից ներկայացված երկու նախագծերը եւ դուրս եկավ դահլիճից:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից Ծովինար Վարդանյանը դիմելով Մելքումյանին, ասացց. «Այս նախաձեռնությունը ոչ թե բերելու է նրան, որ տանը մաքրության կամ դայակի ծառայություն մատուցողները գրանցելու են իրենց գործունեությունը, այլ հակառակը բերելու է նրան, որ մաքրության ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք ունեն ասենք 30 աշխատող, նրանց դարձնելու են անհատ ձեռնարկատեր եւ խուսափեն հարկերից»:

Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դայակների ու մաքրության աշխատողների դեպքում կարեւոր է վստահությունը, եւ ընկերությանը ձեռնտու չէ անընդհատ փոխել այդ աշխատանքը կատարողներին: «Մարդուն տուն թողնելու համար պետք է լինի վստահելի մարդ: Այնպես չի, որ կարող ես զանգել խոշոր ընկերությանն ուասել՝ ո՞ւմ կուղարկեք, որ երեխայիս դայակություն անի: Եվ երկրորդ, խոշոր կազմակերպություններով հյրավիրելու դեպքում  գներն ավելի բարձր են, որովհետեւ վարչական ծախսներն են գումարում աշխատանքին»:

«Պարոն Մելքումյան, ես իմ հարցի պատասխանը չստացա»,-ասաց Ծովինար Վարդանյանը, ինչը բարկացեց Մելքումյանին:

«Ես էլ ձեր հարցի իմաստը չհասկացա, որ դուք չհասկացաք, հասկացա՞ք: Այնպես որ պետք չի իրար հետ վիճել: Եթե չընկալեցիք իմ պատասխանը, դա արդեն ձեր խնդիրն է: Մի տվեք ձեր հարցը, չեմ ուզում ձեր հարցին պատասխանել: Ինձ պետք էլ չի որ կոնսենսուս լինի»:

Ծովինար Վարդանյանն էլ արձագանքեց. «Քանի որ սա իմ իրավունքն է արձագանքի, ոչ թե հարց տալու, հետեւաբար ես կասեմ, որ եթե պարոն Մելքումյանն ունենար տրամաբանական պատասխան իմ հարցին, անպայման կհնչեցներ եւ հարցից խուսանավելը բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա»:

Միքայել Մելքումյանը արձագանքն ավելի կոշտ էր. «Ես էլ կարծում եմ, որ ձեր հարցադրումները հազար տոկոսով անտրամաբանական են: Դուք մնացեք ձեր չափի մեջ եւ ավելորդ բաներ մի հնչեցրեք: Ես հիմա հանում եմ էդ նախագիծը եւ չեմ ուզում, որ մտնի լրագումար նիստ:

Որովհետեւ մեր կարծիքները էապես տարբերվում են այն մոտեցումներից, որոնք դուք քննարկում եք: Այն օրենքները, օրենքների բովանդակությունը, որը դուք անում եք, երկիրը տանում է խորը ճգնաժամ: Շարունակել նույնը անել, որեւէ մեկը միտք չունի այս անտրամաբանական քաղաքականությունը տանի առաջ: Շարունակեք ձեր ձեւով անել: Ցտեսություն», — ասաց Մելքումյանն ու դուրս եկավ դահլիճից: