Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ում համար նորություն չեն Վաշինգտոնի հետ բարդ հարաբերությունները, հաջորդ շաբաթ առաջին անգամ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Հանդիպումը ստվերել են խորը վեճերն ու ԱՄՆ-ի նոր նախագահի սառը տոնը Թուրքիայի նկատմամբ, գրում է Reuters-ը:

Էրդողանը ստիպված էր Բայդենի երդմնակալությունից հետո երեք ամիս սպասել առաջին շփմանը: Ապրիլին տեղի էր ունեցել տհաճ հեռախոսազանգ, երբ Բայդենն ասել էր, որ մտադիր է 1915 թվականին հայերի եղեռնը ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն, ինչը զայրացրել էր Անկարային:

Թուրքիայի նախագահի համար, որը ճգնաժամերը կառավարելու համար ապավինում էր Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի հետ սերտ անձնական հարաբերություններին, Սպիտակ տան վարչակազմի նոր՝ ավելի քննադատական եւ հեռավար մոտեցումը հիասթափության աղբյուր է դարձել:

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին, որտեղ կքննարկվեն տարաձայնությունները` սկսած Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնումից մինչեւ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցությունը, Էրդողանն ասել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ շփումներն ավելի լարված են, քան ԱՄՆ ցանկացած նախկին նախագահի հետ վերջին 20 տարում։ «Մենք, իհարկե, կհարցնենք նրան, թե ինչու են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարված փուլում»,- ասել էր Էրդողանը հունիսի սկզբին տված հարցազրույցում՝ նշելով, որ ինքը աշխատել է նախորդ երեք նախագահների հետ եւ «այսպիսի լարվածություն չի ունեցել»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում բանակցությունների ընթացքում հակասությունների ցուցակի առաջին տեղում Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության մարտկոցների գնումն է:

Վաշինգտոնն ասում է, որ С-400-ները սպառնալիքի տակ կդնեն ամերիկյան F-35 անտեսանելի ինքնաթիռների պաշտպանությունը: ԱՄՆ-ը Թուրքիային հանել է F-35 կործանիչների ծրագրից: Թուրքիան ավելի քան 1 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում:

ԱՄՆ-ը, С-400-ների գործարքի հետ կապված, պատժամիջոցներ է սահմանել նաեւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյաների համար: Հերքելով ԱՄՆ-ի մտահոգությունները` թուրք պաշտոնյաներն ասում են, որ կպահպանեն С-400-ները եւ կոչ են արել համատեղ ուսումնասիրել հարցը:

«Անհնար է հետ քայլ կատարել այդ հարցերի շուրջ, որոնք Թուրքիայի ազգային անվտանգության հարցերն են»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ:

Սա առաջխաղացման քիչ հնարավորություն է թողնում, չնայած երկու կողմերն էլ շարունակում են երկխոսությունը:

Բայդենի վարչակազմը ուժեղացրել է Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննադատությունը՝ ձգտելով հասնել գործարար Օսման Քավալայի ազատ արձակմանը: Սովորաբար կռվարար Էրդողանի պատասխանը խլացված է, մասամբ այն պատճառով, որ նա ցանկանում է ԱՄՆ ներդրումներ ներգրավել եւ վերականգնել տնտեսական աճը, որը տուժել է COVID-19 համավարակի եւ արժույթի փլուզման պատճառով:

Ոլորտներից մեկը, որտեղ Էրդողանը հույս ուներ ցույց տալ Թուրքիայի կենտրոնական դերը ՆԱՏՕ-ի դաշինքում, Աֆղանստանն էր: Անկարան առաջարկել է երկիր մուտք գործելու համար պահպանել եւ շահագործել Քաբուլի օդանավակայանը` ԱՄՆ նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո: Ծրագիրը կարող է ձախողվել թալիբների մարտահրավերի պատճառով, որոնք հայտարարել են, որ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի մյուս ուժերի հետ միասին:

«Լավագույն դեպքում Աֆղանստանի շուրջ համագործակցությունը կարող է օգնել պահպանել դրական օրակարգի պատրանքը»,- ասել է Նիկոլաս Դանֆորթը Հունաստանի եվրոպական եւ արտաքին քաղաքականության հիմնադրամից՝ նշելով, որ դա կօգնի իրենց «դիսֆունկցիոնալ հարաբերություններին» մոլորվել:

Այնուամենայնիվ, կան ընդհանուր եզրեր, ներառյալ Լիբիայում քաղաքական լուծման հասնելու ջանքերը եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հակազդելը:

Թուրքական լիրան ուրբաթ օրը ամրապնդվել է՝ բանակցություններում առաջընթացի հույսով:

 



Աղբյուր