https://youtu.be/CWHrN8IpA6w

 

Կառավարության նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատորաղականի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան համահայկական հիմնադրամի պետական բյուջե փոխանցված գումարներին։

Նա նշել է, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», – նշել է Փաշինյանը ՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել:

Ըստ վարչապետի՝ 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակվել է 247 մլն դոլար. «Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 մլն դոլար Հայաստանում ևԱրցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 մլն դոլար: Այսինքն՝ ըստ էության, 44 օրում հանգանակվել է 28 տարվա հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»,- հայտարարել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի:

Փաստորեն, այդ 120 մլրդից 52 մլրդ դրամն էլ հիմնադրամի միջոցներն են, որոնք նաև հումանիտար նպատակներով են ծախսվել։
Նիկոլ Փաշինյանն իր չմտածված և անհեռատես հայտարարություններով ըստ էության անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատուներին։ Հայաստան Համահայկական հիմնադրամն, համաձայն իր կանոնադրության, հանգանականություններ է կատարում բացառապես հումանիտար և բարեգործական նպատակներով։ Ռազմական ծախսեր ֆինանսավարելու համար հանգանակություն երբևէ չի կատարվել։ Եթե անգամ պատերազմի ժամանակ առաջացել է այնպիսի վիճակ, որ խիստ անհրաժեշտաբար հիմնադրամի գումարները փոխանցվել են պետական բյուջե, միևնույնն է՝ դրանք պետք է ծախսվեին միայն և միայն հումանիտար նպատակներով, հետևաբար այդ ծախսերը ներկայացնել որպես ռազմական ծախսեր, պարզապես անթույլատրելի է։

Վարչապետի կողմից արված այդ կարգի հայտարարությունը պետական և կառավարչական գիտելիքների իսպառ բացակայության վկայություն է։ Նիկոլ Փաշինյանի տգետ հայտարարությունների հետևանքները ծանր են լինելու, քանի որ դրանք կարող են խնդիրներ են առաջացնել նաև նվիրատուների համար, որոնցից շատերը սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են։

Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որը ի դեպ, եռալեզու տարբերակով հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, թուրք-ադրբեջանական լոբիստական կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել հակահայկական քարոզչության նպատակներով՝ աշխարհի տարբեր երկրներում տպավորություն ստեղծելու համար, թե իբր հումանիտար-բարեգործական անվան տակ, իրականում հիմադրամը ռազմական ծախսեր է իրականցնում։ Կարող է անգամ հակաքարոզչություն սկսվել՝ սահմանափակելու արտերկրից արվող փոխանցումները հիմնադրամին։

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի տգիտության պատճառով
ռիսկի տակ է դրվում հիմանդրամի հետագա գործունեությունը։ Բացի այդ հանգանակաություն կատարած մեր բազմաթիվ հայրենակիցներ կարող են արտասահմանյան տարբեր ֆինանսական կառույցների սև ցուցակներում հայտնվել։
Իսկապես աղետ է Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունենալը՝ <<ազգակործան և պետականակործան պատուհաս>>,  ասելը իրավամբ շատ քիչ է։

Հայկ Դավթյան