Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերթական համաժողովն է անցկացրել «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքները եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» թեմայով: Նախորդ համաժողովին դեսպան Կոպիրկինը բաց հրահանգավորումներ արեց Հայաստանի «ներքաղաքական ու նախընտրական» թեմայով, որն ուղիղ միջամտություն էր Հայաստանի գործերին: Կրեմլի խոսնակի կողմից Հայաստանի ռուսական ընդդիմության սլիվից հետո Կոպիրկինը «դասավորեց» երկբեւեռ համակարգը Հայաստանում, որով պետք է ապահովվի լիովին ռուսական պառլամենտ եւ կառավարություն:

Հետաքրքիր է, որ հերթական համաժողովին Կոպիրկինը չկար, նրա փոխարեն նախագահել է ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Կոպիրկինը հե՞տ է կանչվել Երեւանից, թե՞ մեկնել է նոր ինտրուկտաժի, առայժմ պարզ չէ: Ռուսաստանն իջեցնո՞ւմ է Հայաստանի նշաձողը, ներքաղաքական ապագա կառուցվածքի հրահանգավորումներից տրամաբանորեն անցնելով հաջորդ խնդրին՝ Հայաստանի ինքնիշխանությանը:

Ինքնիշխանության խնդիրը պետք է դիտարկել մեր արեւմտյան գործընկերների միջամտության պրիզմայով, համաժողովի բացմանն ասել է Ալեքսեյ Սինեգուբովը: «Հաշվի առնելով այն փաստը, որ արժեքային հարցերն այն հիմքն են, որը շատ սերտ կապում է մեր ժողովուրդներին, հաստատելով նրանց հոգեւոր եւ քաղաքակրթական մտերմությունը, պետությունները ոչ միայն կարող են, այլեւ պարզապես պարտավոր են սերտորեն համագործակցել նշված թեմայով», ասել է նա:

Անմիջապես նշենք, որ դիվանագիտական լեզվից թարգմանաբար հավատարմատարի խոսքը նշանակում է՝ հրաժարվեք ինքնիշխանությունից: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ինքնիշխանություն կարող է լինել միայն ռուսական ծիրում, իսկ Հայաստանի պարագայում ավելանում են «արժեքային հարցերը»՝ ռուսական պատմական ու քաղաքական բարդույթները հայերի ու Հայաստանի հանդեպ: Հայաստանի անկախ պետությունը Ռուսաստանում, ինչպես Թուրքիայում, դիտարկվում է որպես մահացու սպառնալիք, դրա դրսեւորումները հայերն իրենց վրա զգացին 1918-1923 թվականներին, եւ 100 տարի անց՝ Հայաստանի դեմ Լավրովի պլանի իրագործմամբ, որի ընդլայնված կիրառումն արդեն ուղղված է Հայաստանի մասնատմանն ու ինքնիշխանության ոչնչացմանը:

 

Հայաստանը ներկայում գտնվում է ռուսական ուղիղ կառավարման տակ, որը պատերազմի, ընդհանրապես հայկական գավառական բնույթի էլիտաների 30-ամյա քաղաքականության արդյունքն է։ 30 տարի պետականության ցուցանակի տակ մակաբուծող էլիտաները ներկայում անցել են իրենց հոգեհարազատ մունիցիպալ մակարդակ՝ տեղավորվելով ռուսական սցենարով «նախընտրական պայքարի» մեջ։ Արցախի, Մեղրիի միջանցքի եւ բանակի հանձնումով Հայաստանի ինքնիշխանությունը կորսվում է լիովին՝ պետական ինստիտուտների շարունակական ինքնակազմալուծմամբ դեպի պարզունակ «գուբերնիական» մունիցիպալիտետ: լրագիր․ամ