2018-ի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում։ Այս մասին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այո՛, տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը, և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք ՀՀ պետական կառավարման համակարգից։ Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու․ այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզը գցած, տարած լինեն․ ակնհայտ է, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, տանում են հավաքների․ ես հիմա ասում եմ ուղիղ և հստակ՝ ընտրություններից հետ լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում էին ենթարկել հարկադրանքի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրեն չի հետաքրքրում՝ այդ հիմնարկները մասնավո՞ր կլինեն, թե» հանրային։

«Այն հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի են ենթարկել, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ։

«Սեփականատերերով էլ կզբաղվենք, եթե կփորձեն դիմադրել, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների։ Դե՛, զգուշացնում եմ, դե՛, հանկարծ չփորձեք թպրտալ»,-ասաց նա, ապա դիմեց ներկաներին․

«Փոխարինեք մեր թավշյա մանդատը պողպատե մանդատով, և դուք կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր։ Պետական համակարգի բոլոր ստահակների վզներից բռնած դուրս ենք շպրտելու պետական կառավարման համակարգից։ Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»։



Աղբյուր