Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունը կընթանա հաջող: Հավանաբար բանակցության վճռորոշ փուլը լինելու է դեկտեմբերի 27-ին սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպումը, Մոսկվայում: Մինչ այդ Երեւանը տարբեր մակարդակներում հայտարարել է, որ ընթանում է գազի գնի շուրջ բանակցություն:

Եղել են հրապարակումներ նաեւ մամուլում, գնի թանկացման մասին: Օրինակ, օրերս հրաարակվեց տեղեկություն, թե ՌԴ փոխվարչապետն է Հայաստանի փոխվարչապետին նամակ գրել եւ ասել, որ գինը կլինի 215 դոլար 1000 խմ դիմաց եւ այն սակարկման ենթակա չէ:

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հերքեց, թե կա այդպիսի նամակ: Ավելի վաղ էներգետիկայի նախարարն էր հայտարարել, որ բանակցում են, բայց չկա թանկացման մասին խոսք, խոսքը նվազեցման ուղղությամբ բանակցելու մասին է, իսկ եթե բանակցությունն արդյունավետ չլինի, ապա առնվազն կմնա ներկայիս 150 դոլար գինը:

Հավանաբար վճռորոշը լինելու է Փաշինյան-Պուտին հանդիպումը: Գազի գնի թանկացման մասին հրապարակումները, որ եղել են նաեւ մի քանի շաբաթ առաջ, շատերը դիտարկում են Հայաստանի վրա ՌԴ ճնշում: Բայց դատելով այդ հրապարակումների բովանդակությունից, խոսքն ավելի շուտ թերեւս Հայաստանի ներքին կյանքում սպառման համար նախատեսված տեղեկատվական քայլերի մասին է, իսկ հայ-ռուսական, առավել եւս Փաշինյան-Պուտին մակարդակում խնդիրը եւ իրավիճակը, քննարկման բովանդակությունը այլ է:

Կասկած չկա, որ գազը Ռուսաստանի համար եղել է, կա ու թերեւս առաջիկայում էլ կդիտարկվի իբրեւ քաղաքական հարցեր լուծելու միջոց: Իսկ Հայաստանի հետ ՌԴ-ն քաղաքական հարցեր ունի լուծելու:

Մյուս կողմից, այդ հարցում Հայաստանի հետ բանակցությունները միշտ էլ եղել են բավականին բարդ: Գազի հարցում հայ-ռուսական հարաբերությունը երբեք անամպ չի եղել եւ հայտնի աղմկոտ պայմանագիրը, որ կնքվեց 2013 թվականին, դրա վկայությունն է: Այդ պայմանագրով Հայաստանը որոշակի պարտավորություններ ստանձնեց Գազպրոմի առաջ, իսկ Գազպրոմն էլ պարտավորվեց ապահովել Հայաստանի կայուն գազամատակարարում: Պայմանագիրը գործնականում կողմերի միմանց հանդեպ ծայրաստիճան անվստահության հետեւանք էր, այլապես Ռուսաստանը չէր զգա Հայաստանին այդօրինակ պայմանագրի բերելու անհրաժեշտություն: