[ad_1]

Կալիֆոռնիա նահանգում Քորքորան քաղաքն արագորեն գետնի տակ է անցնում՝ գյուղացիների կողմից ստորգետնյա ջրերը դուրս քաշելու պատճառով: Վնասը վերականգնելու եւ տեղի բնակիչներին օգնելու համար ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում հարկատուների գումարներից, գրում է Lenta-ն՝ հղում անելով The New York Times-ին:

Քորքորանի ֆերմերային համայնքը, որտեղ շուրջ 22 000 մարդ է ապրում, հողի անկայունության պատճառով լուրջ խնդրի առաջ է կանգնած: Վերջին 14 տարվա ընթացքում քաղաքը տեղ-տեղ իջել է 11,5 ֆուտով (3,5 մետր)՝ մոտավորապես սովորական տան մի հարկի չափ, կարծում են ԱՄՆ երկրաբանական ծառայության (United States Geological Survey) փորձագետները եւ ՆԱՍԱ-ի գիտնականները, որոնք տարածքը դիտում են արբանյակից: Նախնական գնահատականով՝ առաջիկա 19 տարիների ընթացքում բնակավայրը կիջնի եւս 6-11 ֆուտով (1,8-3,3 մետր):

Իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան բնական երեւույթներով, որքան գյուղատնտեսական աշխատանքներով, ընդգծում են գիտնականները: Այն պատճառով, որ Կալիֆոռնիայում ջրի մեծ քանակ է կուտակվում Սակրամենտո Սան Խոակին գետի դելտայում, ջրային ռեսուրսների համար մրցակցությունն աճել է: Ֆերմերները ստիպված են ավելի շատ ստորգետնյա ջրեր քաշել ցանքը ոռոգելու համար, ինչի հետեւանքով հողն իջնում է: «Սա մեզ համար ռիսկ է, մենք իսկապես ոչինչ չենք կարողանում անել»,- անհանգստանում է Քորքորանի բնակչուհի Մերի Գոնսալես-Գոմեսը:

Նախկինում ջուրը հոսում էր միայն ծանրության ուժի ազդեցությամբ, բայց հողի իջնելու պատճառով այն սկսել է կուտակվել փոսերում: Վարչակազմը 10 տարվա ընթացքում 1,2 միլիոն դոլար է ծախսել վերամբարձ կայանների վրա՝ հեղուկը ներս մղելու համար: Պահանջվել է նաեւ քաղաքային ամբարտակի վերակառուցում, որի համար 10 միլիոն դոլար է ծախսվել: Միջոցները հավաքել են տեղի բնակիչների գույքահարկի ավելացման հաշվին։

Ջրի դուրս մղումը փորձում են օրենքով կարգավորել: Չնայած արգելքներին, Քորքորանի մոտակայքում շարունակում են գործել մի քանի խոշոր գյուղատնտեսական ձեռնարկություններ, այդ թվում՝ Sandridge Partners-ը, Boswell Company-ն, Hansen Ranches-ը, որոնք հարյուրավոր ջրհորներ են կառուցել՝ ոռոգման նպատակով հողից ջուրը քաշելու համար:

Հողի նստեցման խնդիրը բնորոշ է նաեւ եվրոպական որոշ երկրներին: British Geological Survey ծառայության գիտնականները վերջերս հայտնել են երկրի մի քանի մասերում միլիոնավոր բրիտանական տների փլուզման վտանգի մասին: Այնտեղ սպառնալիքի հիմնական պատճառը գլոբալ տաքացման պատճառով երաշտն է, ինչը հանգեցնում է հողի լայնածավալ ճաքերի:



Աղբյուր