ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

քաղաքացիական պաշտպանություն` միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներ` պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ` համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով և նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը. բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը:

Հոդված 2.Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը

Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:

Հոդված 3.Քաղաքացիական պաշտպանության համակարգը

Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

Հոդված 4.Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է:

Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:

Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված` ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

i

Հոդված 5.Քաղաքացիական պաշտպանության ձևերը

Քաղաքացիական պաշտպանության ձևերն են տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 3.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6.Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական և հիմնական միջոցառումների:

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են նախապես:

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

i

Հոդված 7.Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստվածության ապահովումը.

բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից` բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.

գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.

դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.

ե) պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.

է) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.

ը) պաշտպանական կառույցների շինարարությունը և ապահովումը.

թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը.

ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը.

ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

i

Հոդված 8.Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են`

ա) կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը.

բ) տարահանումը և տեղաբաշխումը.

գ) պատսպարումը.

դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.

ե) քողարկումը.

զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.

է) բժշկական ապահովումը.

ը) հակահրդեհային ապահովումը.

թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից.

ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.

ժա) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը.

ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.

ժգ) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը.

ժդ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական ապահովումը.

ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.

ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.

ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը.

ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: