Կառավարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիներիանձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, քանի որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019 թ․ ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչեւ 2021 թ․ հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը: