Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան (հունվարի 9, 1945[1][2], Հալեպ, Սիրիա), Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998)։ Մասնագիտությամբ արևելագետ է՝ բանասիրական գիտությունների դոկտոր։

Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։