Աշխարհաբար, միջին հայերենի անմիջական շարունակությունը։ Աշխարհաբարի և միջին հայերենի սահմանը, ինչպես նշում է Հրաչյա Աճառյանը, չի կարելի նշել որևէ վճռական կետ։ Աշխարհաբարը խիստ կերպով սահմանազատված չէր նաև հայերենի բարբառներից ու գրաբարից[1]։

Աշխարհաբարը չպետք է նույնացնել ժամանակակից հայերենի հետ։ Աշխարհաբարը մշակվում էր հայ ժողովրդի տարբեր հատվածների խոսակցական լեզվի համընդհանուր տարրերի, միջին հայերենի և գրաբարի հասկանալի իրողությունների համադրությամբ։ Սակայն նրա ձևավորման պրոցեսը շատ դանդաղ էր ընթանում։ Հայաստանում հաճախակի տեղի ունեցող պատերազմները, հայ ժողովրդի տնտեսական ու քաղաքական մասնատվածությունը, հայ ժողովրդի մշակույթի և գրականության զարգացման դանդաղ տեմպը խիստ կերպով ներգործում էին այդ լեզվի զարգացման ու կատարելագործման ընթացքի վրա, որի հետևանքով աշխարհաբարը չէր կարողանում ազատվել քերականական միևնույն իմաստն արտահայտող բազմազան ձևերից և դառնալ միասնական ու կայացած օրինաչափություններ ունեցող լեզու։