Կարդացեք նաև՝

Նոյեմբերի 25-ի առավոտյան լուրեր տարածվեցին Ազովի ծովում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սադրանք որակելով հակառակ կողմի գործողությունները:

Համաձայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հայտարարության՝ ուկրաինական նավերը խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը Ղրիմի Կերչի թերակղզու մոտ, իսկ ռուսական ուժերը ստիպված են եղել ուժ կիրառել՝ ուկրաինական նավերը կանգնեցնելու համար: Ուկրաինական կողմը հերքում է Ղրիմի ծովային սահմանը հատելու մեղադրանքը: Ըստ պաշտոնական Կիեւի՝ ռուսական հատուկ ծառայությունները հարձակվել են Օդեսայից Մարիուպոլ ուղեւորվող ուկրաինական երեք նավերի վրա, կրակ բացել եւ գրավել դրանք:

Ուկրաինական նավերը գտնվում են Կերչի նավահանգստում, իսկ անձնակազմի 24 անդամներից 12-ի նկատմամբ Սիմֆերոպոլի շրջանային դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել:

Պաշտոնական Կիեւը տեղի ունեցածը որակել է որպես ագրեսիայի ակտ: Միջադեպից հետո Ուկրաինան բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաեւ նախաձեռնել էր ռազմական դրություն մտցնելու ընթացակարգ: Ուկրաինական Ռադան հավանություն էր տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկին եւ նոյեմբերի 28-ից 30-օրյա ռազմական դրություն հաստատել Ռուսաստանի հետ սահմանակից 10 շրջաններում:

Պաշտոնական Մոսկվան տեղի ունեցածը համարում է նախապես պլանավորած սադրանք՝ Ռուսաստանին որպես ագրեսոր ներկայացնելու եւ նոր պատժամիջոցների թիրախ դարձնելու նպատակով:

Եվրամիությունը կողմերին կոչ է արել զսպվածություն պահպանել եւ ռուսական կողմից պահանջել, որպեսզի վերջինս վերականգնի Ազովի ծովում նավարկման ազատությունը: Ղրիմի կամուրջի բացումից հետո Ռուսաստանը պարբերաբար ստուգումներ էր իրականացնում ուկրաինական նավերի վրա, որոնք ուղեւորվում էին Ազովի ուկրաինական նավահանգիստներ: ԵՄ-ից զատ իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Վերջիններս իրենց «լիակատար աջակցությունն» են հայտնել Ուկրաինային եւ կոչ արել Ռուսաստանին ազատել ուկրաինական նավերն ու անձնակազմերը:

Տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել ինչպես ուկրաինական եւ ռուսական, այնպես էլ միջազգային մամուլում: Որպես հիմնական վարկածներ շրջանառվում են երկուսը: Դրանցից մեկով սադրանքի հեղինակը Ռուսաստանն է, որը նման մարտավարությամբ փորձում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում եւ 2019 թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ խաթարել Պորոշենկոյի առանց այդ էլ թույլ դիրքերը: Ըստ մի շարք կանխատեսումների՝ Պորոշենկոյի վարկանիշն այնքան ցածր է, որ առաջիկա ընտրություններում նա չի կարող հավակնել անգամ երկրորդ տեղը գրավելուն:

Բացի դրանից՝ ՌԴ իշխանությունները Ուկրաինայի հետ հակամարտության սրացմամբ, հնարավոր է, փորձում են շեղել սեփական բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից:

Ըստ այդ վարկածի՝ ներկա պահը ամենահարմարն է Ռուսաստանի համար նման սադրանքներ իրականացնելու տեսանկյունից. Թրամփը զբաղված է միջանկյալ ընտրությունների արդյունքներով, թեեւ առանց այդ էլ երբեք յուրահատուկ ուշադրության չի արժանացրել Ուկրաինային, Ֆրանսիայում անկարգություններ են, իսկ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն քննարկում են «Բրեքզիթի» հետ կապված նրբությունները:

Մեկ այլ վարկածով՝ սադրանքի հեղինակը Պորոշենկոն է, որը փորձում է ռազմական դրության միջոցով հնարավորինս երկար մնալ իշխանության: Այս վարկածի օգտին է խոսում այն, որ ռազմական դրության անհրաժեշտություն չեն տեսնում նաեւ Ուկրաինայում: Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն Ռադայում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում քննադատել են ընտրությունների նախաշեմին ռազմական դրություն մտցնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ վերջին 5 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական դրությունն ավելի նպատակահարմար է եղել, սակայն չի մտցվել:

«Նման որոշման դեմ հիմնական փաստարկներից է եղել աղետալի սոցիալական, տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքների անխուսափելիությունը: Ակնհայտ է, որ այսօր ի հայտ է եկել նաեւ այլ՝ քաղաքական բնույթի փաստարկ՝ ընտրությունները: Հասարակության զգալի մասը կարծում է, որ այդ կերպ կարող է սահմանափակվել ժողովրդավարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ժողովրդավարության սահմանափակման համար վտանգը նրանում է, որ ռազմական դրության պայմաններում իշխանությունները ուժեղացնելու են վերահսկողությունը ԶԼՄ-ների, բանկային համակարգի, քաղաքական այլ ուժերի նկատմամբ, ինչը, անգամ 30 օր շարունակվելու դեպքում, ի վերջո կարող է լուրջ ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ Պորոշենկոյի հրամանագրով նախատեսվում էր ռազմական դրություն մտցնել ոչ թե 30, այլ 60 օրով՝ այս վարկածն ավելի հավանական է դառնում: Բացի այդ, ռազմական դրության ժամկետը հնարավոր է նաեւ երկարաձգել:

Այդուհանդերձ, եթե նույնիսկ սադրանքը կազմակերպվել էր Կիեւի կողմից, ապա դրան տրվելը Կրեմլի ընտրությունն էր: Քիչ հավանական է, որ ուկրաինական նավերը ռուսական ԱԴԾ հարձակմանն են ենթարկվել միայն նրա համար, որ աշխարհին հիշեցնեն՝ «Ղրիմը ռուսական է»: Ուստի, վերոնշյալ երկու վարկածները ոչ միայն իրարամերժ չեն, այլեւ ինչ-որ առումով փոխլրացնող են: Այդպիսով, եթե վարկածները գոնե ինչ-որ չափով համապատասխանում են իրականությանը, Ռուսաստանը շեղում է քաղաքացիների ուշադրությունը սոցիալական խնդիրներից, իսկ Պորոշենկոն փորձում է ռեպրեսիվ միջոցներով լուծել իր վերընտրվելու խնդիրը: