Հայ-ադրբեջանական պատերազմ կամ Արցախյան երկրորդ պատերազմ, պատերազմ Արցախի Հանրապետության՝ Հայաստանի աջակցության տակ և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ Թուրքիայի աջակցության տակ, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում[13]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[14]։

Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։