Ռուսաստանի Դաշնությունում զինվորի դիակը տուն են բերել՝ ասելով, թե նա վերջ է տվել իր կյանքին ինքնասպանությամբ: Բայց ծնողները նկատեցին, որ իրենց որդու մարմնի վրա կան հարվածի հետքեր, նրա շրթունքը պատռված է, իսկ մատները՝ ջարդված: Ինչպես հետագա քննությունը պարզել է տղային սպանել են զինծառայակիցները:

Բանակում տարիներ առաջ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան աղմկահարույց քրեական գործերի մի մասը կվերաբացվի, դրանք կուսումնասիրվեն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը սա աննախադեպ քայլ է համարում:

«Զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև, այդ հանգամանքների

տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով, ստեղծվել է մոնիթորինգի աշխատանքային խումբ։ Իրոք աննախադեպ է, նախկինում չի եղել, և ես վստահ եմ, որ համատեղ գործունեությունը տալու է բավականին լավ դրական արդյունք», – ասաց Արտակ Կրկյաշարյանը։

Ստեղծված հասարակական մոնիտորինգի խումբն առաջիկայում կսկսի հինգ քրեական գործի ուսումնասիրություն: Քրեական գործերն ընտրել են բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց՝ հիմնականում ընտրել են քրեական այն գործերը, որոնք կարճված են կամ կասեցված:

«Այն պակասները, թերությունները, բացթողումները, որ մենք կտեսնենք քրեական գործում, դա պետք է լրացնեն Քննչական կոմիտեի մեր գործընկերները, այստեղ, այս շրջանակում համաձայնագրի, որոնք պետք է տրամադրեն փաստաթղթերը, ապացույցները, եթե չկան՝ ուրեմն նոր քննության կատարեն։ Սա դեռ սկիզբն է», – նշեց Ալեքսանյանը։

Հնգյակում ընդգրկված է Տիգրան Օհանջանյանի գործը: Ըստ պաշտոնական վարկածի՝ 2007 թվականին զորամասի կապի հանգույցի մոտ Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել է և տեղում մահացել:

Ծնողները պնդում են՝ սպանել են: Դատական տարբեր ատյանների եզրակացություններ կան, որ դեպքի վայրում առկա էլեկտրակայանը չէր կարող զինվորի կյանքի համար վտանգավոր լինել: