Հավանաբար քչերը գիտեն Կիևյան կամուրջի պատմությունը։ Կիևյան փողոցը 1950-ականներին քաղաքի ծայրամասային, խուլ և աչքաթող արված հատվածներից մեկն էր. այն կտրված էր քաղաքային անցուդարձից, հասարակական տրանսպորն այստեղ չէր գործում, իսկ մեքենայով հասնելու համար պետք էր երկար և անհարթ ճանապարհ կտրել։

 

Կամրջի ողբերգական փլուզումը տեղի ունեցավ 1952 թվական, հուլիսի 4, տեղական ժամանակով՝ 15։05։ Կամրջի վրա բետոնապատման աշխատանքների իրականացման ժամանակ կամրջակամարն անսպասելի փլուզվում է՝ դառնալով 47 մարդու մահվան պատճառ․ 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. այս իրադարձությունը դառնում է մեր մայրաքաղաքի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Շուտով 1952 թվականի սեպտեմբերին վերսկսվում է կամրջի շինարարությունը, և շահագործման հանձնման ժամկետ է սահմանվում 1953 թվականի վերջը։ Հրազդանի մեծ կամրջի շինարարության աշխատանքներն ավարտվում են 1955 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ստեղծագործությունն իսկապես հոյակերտ էր և այդ տարիներին համարվում էր Եվրոպայի խոշորագույն կամուրջներից մեկը՝ ավելի քան 60 մետր բարձրությամբ և 335 մետր երկարությամբ։

Կամրջի ամրությունն ու հուսալիությունը ստուգելու և վերոնշյալ ողբերգությունը կրկին թույլ չտալու նպատակով՝ կամուրջ են հանել ծանր քարերով բեռնված բեռնատարներ, ինժեներները չափել են ծանրաբեռնվածության տակ կամրջի ճկումը։