Վաղը Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում կմեկնարկի Սերժ Սարգսյանի դատավարությունը: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում այս իրադարձությանը, որը, համաձայնեք, ընդամենը 2 տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից կլիներ։

Datalex-ում արդեն տեղադրված է քրեական գործի մասին տեղեկատվությունը․ դատավորը Վահե Միսակյանն է, ում նշանակել է հենց Սերժ Սարգսյանը՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով։ Այն ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, հետո վերանշանակվել է Երեւանում՝ արդեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։

Հիշեցնենք, որ շուրջ կես միլիոն դոլարի դիզվառելիքի (շատ ընդդիմադիրներ այս գործն անվանում են «սագագողության» հոդված) գործով անցնող ամբաստանյալները 5-ն են՝ Սերժ Սարգսյան, Սերգո Կարապետյան, Բարսեղ Բեգլարյան, Սամվել Գալստյան, Գեւորգ Հարությունյան։ Ըստ մեղադրական եզրակացության՝

«Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին

հակառակ օգտագործելով, պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ, խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։ Սերժ Սարգսյանի մեղադրանք հետեւյալն է․

«Զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2013թ․ հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած

ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։