[ad_1]

Ո՞նց իմանանք՝ ով է ճիշտ ասում, մարդկանց նկատմամբ այսպես մեղադրանքներ հնչեցելով և դրանք անապացույց մնալով ինչքա՞ն ենք մենք շարունակելու այս խոսակցություններն ու  քննարկումները: Հիմա հրապարակեք Ազգային անվտանգության խորհրդի նիստի արձանագրության այն հատվածը, որը չի համընկնում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ:

«Պարոն վարչապետ, մարտի 1-ի ելույթում ասացիք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել, ստորագրել տվել: Ես պահանջեցի ձեզնից ապացույցներ, սակայն ապացույցներ չհրապարակվեցին, մարդուն հանիրավի մեղադրանք ներկայացվեց: Այսօր ԱԺ-ի ամբիոնից հղում կատարեցին Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունից, ասացիք, որ նման հայտարարություն չի արել, հակառակ հայտարարություն է արել: Նոյեմբերի 17-ին հայտարարություն է արել պարոն Գասպարյանը, դուք եկել եք ապրիլի 14-ին ասում եք՝ նման բան չի եղել: Այդ ժամանակ ամբողջ մամուլը խոսում էր, քննարկում էր, բա ինչի՞ այդ ժամանակ չէիք հերքում»,-հարցրեց Մարուքյանը:

Փաշինյանն արձագանքեց, որ  հրապարակման առաջարկը լավն է: «Մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը: Ամեն դեպքում, այն, ինչ այսօր ես հայտարարեցի, կարող եք համարել գրեթե  բառացի մեջբերում  տեղի ունեցած ԱԽ երկու նիստերում Օնիկ Գասպարյանի ելույթներից: Իսկ Սերժ Սարգսյանի զրույցների մասին ինձ հենց Օնիկ Գասպարյանն է տեղյակ պահել և ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել»,-ասաց նա։



Աղբյուր