Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները», — ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։

Գարեգին երկրորդը նաև դիմել է Ազգային ժողովին՝ կոչ անելով հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։

«Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները», — իր ուղերձում ասել է կաթողիկոսը։

Գարեգին երկրորդը հորդորել է ժողովրդին, իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։

«Ազգովին համախումբ ջանք և ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը և նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։ Աստված պահապան և օգնական մեր ժողովրդին և հայրենիքին«, — եզրափակել է Գարեգին երկրորդը։