[ad_1]

Շատ է շահարկվել այն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին եւ դրանից հետո: Տեղի է ունեցել հետեւյալը. վերլուծելով իրադրությունը եւ խորհրդակցելով Արցախի նախագահի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաեւ ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետեւ եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:

Ավելին, Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին եւ էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Փաշինյանը և հավելել՝ այդ ամենից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ ասել, որ ուզում ենք հրադադար՝ տարածքների՝ 5+2 ձեւաչափով վերադարձի պայմանով. «Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով»:

Փաշինյանն ասել է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ընդհանուր ըմբռնում է ձեռք բերել:

«Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձի հարց է եղել Լեռնային Ղարաբաղ, եւ ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ:

Որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդը՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, որեւէ ձեւով չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Եվ նաեւ՝ — սա նոր դետալ է, որը ես պետք է ասեմ, նախկինում չեմ ասել այս դետալի մասին — նաեւ ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձեւով տարածքների վերադարձ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչեւ այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- ասել է նա:

Փաշինյանը ասել է նաև, թե ինչու է նշում այս մանրամասները. «Այս մանրամասներն ինչո՞ւ եմ նշում՝ որովհետեւ Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում, ըստ էության, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այսինքն՝ Ադերբեջանն ընդհանրապես կտրականապես իքս պահից հրաժարվել է օրակարգ մտցնել կամ ավելի ճիշտ, օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ սա եղել է 2016 թվականի 4-օրյա եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»:

 



Աղբյուր