[ad_1]

«Միանգամից ասեմ, որ, ընդհանուր առմամբ, հարգում եմ հարուստ մարդկանց, չեմ կարծում, որ աղքատությունը պատվաբեր է, իսկ հարուստ լինելն ամոթ է, չեմ պնդում նույնիսկ, որ Ռուսաստանում կամ Հայաստանում բոլոր օլիգարխները հարստացել են խաբելով, «քցելով» կամ հարկեր չվճարելով: Եթե նույնիսկ նման բան կա, ապա դա պիտի լինի իրավապահ մարմինների խնդիրը: Ես մտահոգված եմ հետխորհրդային շրջանում հարստացածների կրթական ցածր մակարդակով, ամբարտավան կեցվածքով, վատ ճաշակով և ցուցամոլությամբ: Մտահոգված եմ, որովհետև ուզենք, թե չուզենք՝ նրանք որոշակի արժեքային ստանդարտներ են թելադրում հասարակությանը: Չեմ կարող չմտահոգվել իշխանության երկրպագուների երկակի ստանդարտներով:

Երբ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիոն գործընկերն էր, իսկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ էր, այլ «խոշոր սեփականատեր», վերջինիս ճաշակը և «նուվորիշի» հակումներն այդ մարդկանց չէին հուզում: Բայց երբ նույն գործարարը սկսեց դրսևորվել որպես որոշ չափով ընդդիմություն, նրա մակարդակի մասին սկսեցին ցասումնալից «ստատուսներ» գրել: Բացառված չէ, ի դեպ, որ «Իմ քայլը» վարվի «դասական» իշխանության կուսակցության ոճով և իր նախընտրական ցուցակում ընդգրկի «իր» օլիգարխին, գուցե նաև Սերժ Սարգսյանից «ժառանգություն» մնացած մի շարք այլ օլիգարխների, որոնք նոր տերերին ծառայում են նույն խանդավառությամբ, որով ծառայում էին հներին: Շատ հնարավոր է, որ նրանք հիմա Փաշինյանին են ասում «շեֆ ջան», «թագավոր ջան»: Բնականաբար, ամեն մի քծնանքի համար նրանք, ինչպես և առաջներում, «պրախոդ» են ստանում բիզնեսում: Արդյո՞ք դուք կարող եք ասել, որ այդ մարդիկ իրենց ներաշխարհով և կյանքի հանդեպ մոտեցումներով տարբերվում են Ծառուկյանից: Թե՞ նրանց հարսանեկան տորթերն էին ավելի ցածր:

Բայց վերջին 30 տարվա ընթացքում հարստացածների անճաշակությունն ու չտեսությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված երևույթ, այլ ընդհանուր սոցիալական համատեքստում: Եթե «կոնսյումերիզմը» (սպառողականությունը) հանդես է գալիս որպես հասարակության հիմնական միտում, ապա պետք չէ զարմանալ, որ ապարանքները, շքեղ մեքենաները, ինչպես նաև հարսանիքի ժամանակ երգող թանկարժեք աստղերը դառնում են ցանկացած երիտասարդի երազանքների գագաթնակետը: Երբ մեկը ելույթ է ունենում որպես օլիգարխների չափից դուրս խիստ դատավոր, ապա, ներեցեք, ինձ մոտ կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք այդ խիստ քննադատն ինքը չի երազում ոսկե զուգարանակոնք ունենալ: Ես հավատում եմ, որ մեծամտության, պճնամոլության (ինչպես նաև ցանկացած այլ) մեղքերի մեջ թաղվածներն ուղղելի են՝ եթե ոչ իրենք, ապա իրենց սերունդները: 13-14-րդ դարերի նշանավոր աստվածաբաններից մեկը՝ Մայստեր Էքհարթն ասում էր՝ «չկա այնպիսի գազան, որը ժամանակի մեջ ընդհանրություն չունենար մարդու հետ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 



Աղբյուր