Դերասանուհի Էմմա Մանուկյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Արդեն երկու օր է, ինչ հեռուստադիտողը հետեւում է «Դեպի վայրէջք» բազմասերիանոց ֆիլմի զարգացումներին, որտեղ Էմման մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Մեզ հետ զրույցում դերասանուհի պատմեց հեռուստասերիալի նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ անկողնային տեսարաններին, որոնք մեծ քննարկումներ առաջացրին հանրության շրջանում:

«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա Ելենա Արշակյանից, ու քանի որ նրա հետ արդեն իսկ երկու նախագծի շուրջ հաջող համագործակցություն էի ունեցել, երկար չմտածեցի եւ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Մեծ նշանակութուն ունեցավ նաեւ այն, որ թիմին ծանոթ էի, գիտեի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի կարողությունները: Ի դեպ, շատ կարեւոր էր, որ ֆիլմի սցենարը հենց սկզբից ամբողջությամբ պատրաստ էր: Ես ամբողջ սցենարը մեկ գիշերում կարդացի եւ անմիջապես մեծ ոգեւորությամբ լցվեցի. հերոսուհիս շատ հետաքրքիր էր, ես դեռ հնարավորություն չէի ունեցել նման կերպարով հանդես գալու»,- նշեց Էմման:

Խոսելով ֆիլմի գլխավոր թեմայի՝ թրաֆիքինգի մասին, դերասանուհին նկատեց.

«Սա շատ կարեւոր խնդիր է, որի մասին շատերը վախենում են խոսել: Ֆիլմում այդ երեւույթը հակառակ կողմից է ներկայացված, ավելի շատ ցուցադրվում է ոչ թե թրաֆիքինգի ժամանակ այդ կնոջ՝ տվյալ դեպքում իմ հերոսուհու, հոգեվիճակը, այլ թե ինչպես է զարգանում նրա ճակատագիրը այդ խնդրից հետո, ցուցադրվում է նաեւ հասարակության ընկալումը եւ նրանց վերաբերմունքը: Կարծում եմ՝ սա նաեւ դաստիարակչական կլինի, քանի որ տրված է հասարակության եւ տվյալ աղջկա բախումը: Ընդ որում՝ հասարակության մեջ մտնում է ամուսինը, սկեսուրը, հարազատ քույրը եւ առհասարկ մտերիմները: Այսինքն՝ խնդիրը միայն հանրային ընկալման մեջ չէ, այլ այն կարեւոր գործոնի, որ անգամ հարազատներն են դժվար կարողանում ընկալել»:

Էմմա Մանուկյանի խոսքով՝ նա իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարի պատկերացնում է ու վերարտադրում.

«Միշտ ասել եմ՝ ես կերպար չեմ կերտում: Ինձ համար նրանք կան, գոյություն ունեն եւ ես ասես մտնում եմ նրանց մեջ: Այս կերպարն էլ հենց սկզբից տեսա իմ առաջ ու ներկայացրի, իսկ արդյունքների մասին թող դատի հեռուստադիտողը»,- նշեց նա ու հավելեց.

«Սա շատ բարդ կերպար էր՝ հոգեբանական անչափ բարդ տեսարաններով: Նկարահանումներն ավարտված են, բայց ինձ մինչեւ հիմա դժվար է հետ գալ նախկին հոգեվիճակ: Նկարահանումների երեք ամիսների ընթացքում շատ ծանր ապրումների ու սթրեսների միջով եմ անցել»:

Անդրադառնալով «Դեպի վայրէջք»-ում տեղ գտած անկողնային տեսարաններին եւ խոսելով հանրության բուռն արձագանքներից՝ Էմմա Մանուկյանը նշեց.

«Որպես այդպիսին՝ այս ֆիլմում ես բաց տեսարան չեմ ունեցել, միայն մեկ համբույրի տեսարան է եղել Սարգիսի հետ եւ վերջ, դրա համար էլ երեւի հանրության քննարկումներն իմ կողքով են անցել: Ինչ վերաբերվում է առհասարակ երեւույթին, կարծում եմ, մարդիկ այլ թեմա չունեն, դրա համար էլ դա են քննարկում: Երբ բուռն արձագանքի արժանացավ ֆիլմի անոնսը, ես պարզապես զարմացա, որ մարդիկ չէին նկատել այդ անոնսի հետաքրքր դրվագները, փոխարենը՝ կենտրոնացել էին բաց տեսարաններով միկրոկադրերի վրա ու օրերով խոսում էին այդ մասին:

Հավատացեք՝ այդ փոքրիկ անոնսում զգացվում է դերասանական հետաքրքիր աշխատանք, ու եթե դա չի նկատվում, ապա մեկնաբանություն ուղղակի չեմ ուզում տալ, քանի որ պատասխանը չունեմ: Գուցե ժամանակ է պետք, որպեսզի մեր հեռուստադիտողի աչքը սովորի, միշտ էլ առաջին քայլերը դժվարությամբ են ընդունվում: Ի դեպ՝ ընդգծեմ, որ ինքս ներկա եմ եղել խաղընկերներիս մասնակցությամբ բաց տեսարաններին եւ պետք է ասեմ, որ դրանցում գռեհիկ կամ հակաէսթետիկ ոչինչ չկա, ամեն ինչ արված է շատ գեղեցիկ ու գլխավորը՝ չափի մեջ: Ի վերջո, եթե ֆիլմը թրաֆիքինգի մասին է, ապա ավելի ծիծաղելի կլիներ այդ տեսարանների բացակայությունը, քան ներկայությունը: Եթե ֆիլմի բովանդակությունը պահանջում է նաեւ կյանքի այդ կողմը, ապա դրանից խուսափելը պրոֆեսիոնալ չի լինի: Ու հարկավոր չէ մտածել, որ բոլոր ֆիլմերը պետք է ընտանեկան դիտման համար նախատեսված լինեն»: