[ad_1]

Եվրախորհրդարանի ամենախոշոր՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցները, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի սրվի կամ վատանա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը, որն այժմ ազատազրկված է, հաղորդում է ТАСС-ը:

«Այս դեպքում պատժամիջոցների աստիճանական կիրառումը ժամանակն անցնում է: Օլիգարխների հաշիվների զանգվածային սառեցումը կամ Ռուսաստանը բանկային փոխանցումների «SWIFT» համակարգից անջատելն իրավիճակի սրման դեպքում պետք է իրական տարբերակ լինի»,- հայտարարել է խմբակցության ղեկավարը:

Արևմտյան տարբեր երկրներ վերջին օրերին մտահոգություն են հնչեցնում ուկրաինական կողմի այն հայտարարությունների առնչությամբ, որ Ռուսաստանը իրենց հետ սահմանին զորքեր ու զինտեխնիկա է կուտակում: 

Այդ առնչությամբ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում իրենց զորքերի տեղաշարժերն այլ պետությունների չպետք է մտահոգեն, որովհետև որևէ մեկին այդ տեղաշարժերը չեն սպառնում: Պեսկովը նաև շեշտել էր՝ Ռուսաստանն ինքն է որոշում, թե իր զորքերն իր տարածքում երբ և ինչպես տեղաշարժվեն՝ ընդգծելով, որ Դոնբասում կատարվողը ներուկրաինական խնդիր է, և որ ռուսական զորքերը երբեք այնտեղ ընթացող զարգացումներում ներգրավված չեն եղել:

Դոնբասում փետրվարի վերջից իրավիճակը սրվեց էլ, ամեն օր հաղորդվում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին, կողմերը հաղորդել են փոխադարձ կրակոցների, հրետակոծությունների, նաև՝ ԱԹՍ-ների կիրառման պատճառով կորուստների մասին՝ լարվածություն հրահրելու մեջ միմյանց մեղադրելով: 



Աղբյուր