[ad_1]

Հանձնաժողովը, որը ձեւավորվել է Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի միջոցներն ու ակտիվները հայտնաբերելու եւ առգրավելու համար, հայտնել է, որ վերադարձրել է հարյուրավոր միլիոն դոլարների չափով ակտիվներ, հաղորդում է Middle East Monitor-ը:

2020 թվականին կոլեգիալ մարմինը սկսել է բացահայտել Ալ Բաշիրի ժամանակաշրջանի էլիտար սեփականությունը՝ ներառյալ Նեղոսի ափին եւ մայրաքաղաքում խոշոր անշարժ գույքը, բերրի գյուղատնտեսական հողերն ու շահութաբեր ընկերությունները:

Վերադարձվող ակտիվների շարքում են հյուրանոցներ, դպրոցներ, գործարաններ եւ գոլֆի դաշտ Խարթումի արվարձանում: 18-հոգանոց հանձնաժողովի անդամ, փաստաբան եւ քաղաքական գործիչ Բագդի Սալեխը հայտարարել է, որ պետական մարմինն առգրավել է  ավելի քան 1 միլիոն դոլարի չափով ակտիվներ եւ փոխանցել այն ֆինանսների նախարարությանը: Եւս 400 միլիոն դոլար է փոխանցվել կրոնի եւ բարեգործությունների հարցերով նախարարությանը: Սալեխը հաղորդել է, որ հանձնաժողովի անդամների կյանքին են սպառնացել, եւ հավելել է, որ նա չի ստացել իր աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսավորում: Նրա խոսքով՝ իշխանություները չեն շտապել հետաքննության հարցում: Դա, Սալեխի խոսքով, Ալ Բաշիրի ռեժիմի արդյունքն է, որը շարունակում է գործել անգամ անցումային կառավարության շրջանակում, որին հանձնարարվել է երկիրը տանել դեպի 2023 թվականի ընտրությունները:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Համզա Բալուլը նշել է, որ Հանձնաժողովը կատարում է իր սահմանադրական պարտավորությունները, եւ կասկածելի ակտիվները վերադարձնելու նրա ջանքերը բարձր գնահատանքի են արժանի:



Աղբյուր