[ad_1]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության կուտակումից հրաժարվելու վերաբերյալ Մերկելի կոչերի ի պատասխան ասել է, որ Մոսկվան ազատ է ըստ հայեցողության իր զինված ուժերը  երկրում տեղաշարժելու հարցում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Պուտինի հետ զրույցում հորդորել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության մեծացումից Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:

«Նախագահը անհրաժեշտ պարզաբանում է տվել: Դա նույնն է, ինչը մենք բազմիցս ասել ենք: Բայց առաջին հերթին, մենք լիովին ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ստորաբաժանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանել Պուտինը Մերկելի համապատասխան կոչին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները:

«Տեղի բնակիչներից ստացված տեսագրությունների միջոցով մենք Վորոնեժի մոտակայքում գտել ենք դաշտային ճամբար: Մարդիկ քայլելիս են եղել անտառում և դուրս եկել դաշտ, որտեղ տեղակայված է եղել մեծ թվով ծանր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր»,- ասել է խմբի ղեկավար Ռուսլան Լևիևը:

CIT-ի տվյալներով՝ ռազմական ճամբարը կազմավորման փուլում է, բայց այն ամբողջովին հագեցած է տեխնիկայով: Լուսանկարներից երևում է նաև, որ տեղանքում ստեղծվել է վրանային ճամբար, խոհանոց և դաշտային հիվանդանոց:



Աղբյուր