[ad_1]

 

2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների խախտումների վերաբերյալ: Նախարարությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն եւ մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո հակառակորդին հանձնված առաջին գյուղն էր։ Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել էր բնակավայրը եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Այդ օրերին գյուղապետի դուստրը հայտարարել էր, որ հորն ու եղբորը ադրբեջանցիները տան բակից գերի են վերցրել, որոշ ժամանակ անց հետ վերադարձրել։

NEWS.am-ը զրուցել է Վազգենաշենի գյուղապետ Անդրանիկ Բաբայանի հետ, որը պնդեց՝ իրեն մեղավոր չի ճանաչում, հարցաքննության էլ դեռ չի կանչվել։

«Ասում են՝ մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար կեղծ տեղեկանքներ ենք տվել, բայց նման բան չկա։ Այս աջակցությունից առհասարակ օգտվել են միայն այն մարդիկ, որոնք բնակվել են այդ տարածքում։ Այսօր ի՞նչ է մտածում մեր իշխանությունը, ինչո՞վ է զբաղված։ Բոլոր այն բնակիչները, որոնք ստացել են սոցիալական այդ աջակցությունը, նրանք այն մարդիկ են, որոնք Արցախում են եղել, նույն բնակավայրում են եղել, տեսել են այդ դառնությունն ու ցավը։ Թե այս իշխանությունների նպատակն ի՞նչն է՝ չեմ հասկանում, ի՞նչ են մոգոնել։ Նորից ուզում են ներսում պառակտումներ սկսել, պատերազմից հետո մարդիկ մի փոքր հանգստացել են հիմա, էլի ուզում են լարում մտցնել»,- նշեց Բաբայանը։

Նա ասաց, որ դեռ գնալու է Դատախազություն ու հասկանա՝ ինչո՞ւ են այդպիսի քրեական գործ հարուցել։

«Առանց որեւէ տեղեկության առաջինը մեր գյուղը հանձնեցին, մեզ էլ ոչինչ չհայտնեցին։ Հակառակորդի առաջին թիրախն էլ ես եմ եղել, որդուս հետ գերի եմ ընկել, հետո հետ են վերադարձրել»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ սոցիալական աջակցություն ստացած բոլոր քաղաքացիներն էլ կարող են վկայել, որ ամեն ինչ եղել է օրինական ճանապարհով. «Ունենք դեպքեր, որ օնլայն կարգով են դիմել աջակցության համար, դիմումները ստացել ենք, ուսումնասիրել ենք եւ տրամադրել ենք աջակցությունը։ Ես ունեմ ապացույցներ, որ ամեն ինչ օրինական կարգով է եղել։ Այսօր բնակիչներն ասում են՝ ցույց կազմակերպենք, խնդրել եմ, որ ոչինչ չանեն։ Հետաքրքիր է, այդ գումարը ի վերջո արցախցին է ստացել։ Թուրքն էլ քիչ էր ծիծաղում, հիմա էլի պիտի ծիծաղի։ Մենք արդեն ծիծաղի առարկա ենք դարձել»։

Անդրանիկ Բաբայանը չբացառեց նաեւ, որ իր քաղաքական դիրքորոշման պատճառով կարող են քրեական գործ հարուցել. «ԱՀ տարածքային կառավարման նախարարն իմ վաղեմի թշնամին է։ Ես եղել եմ ուրիշ կուսակցության հարող, իմ քաղաքական հայացքներն այլ են եղել, իրենն՝ այլ։ Հնարավոր է, որ դա էլ գուցե հիմք հանդիսանա»։

Նա պատմեց, որ պատերազմից հետո Վազգենաշենի 25 ընտանիք Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում են բնակություն հաստատել. «Մոտ 50 ընտանիք Ստեփանակերտում, մնացածն էլ Արցախի տարբեր գյուղերում։ Գյուղացիները սոված են։ Սնունդը տրամադրում են վարչական շրջանից, հագուստի եւ այլնի համար էլ ՀԿ-ներն են աշխատում»։



Աղբյուր