[ad_1]

Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարական տալ և շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև, համաձայն ՀՀ Սահմանադրության, վարչապետի հրաժարականը նախագահը պետք է ընդունի անմիջապես, այսինքն՝ նա, ի տարբերություն մյուս դեպքերի, չունի եռօրյա ժամկետ՝ քննարկելու, հետ վերադարձնելու կամ ՍԴ դիմելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Սահմանադրության ուժով նախագահը պետք է ընդունի կառավարության հրաժարականը, այսինքն՝ վարչապետն այդ պահից կդառնա նախկին վարչապետ և վարչապետի պարտականությունները կատարելու իրավասություն չի ունենա»,-նշեց նա։

Ըստ Ղազարյանի՝ այն նախադեպը, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ հրաժարականից հետո, անօրինական նախադեպ է։

«Այսինքն՝ 2018-ի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նա զավթել էր վարչապետի լիազորությունները, և ապօրինի կերպով դրանք իրականացրել է։ Ինձ համար զարմանալի է, թե մինչ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կամ այլ իրավապահ մարմիններ ինչպես են անտեսել այդ ապօրինության փաստը, որովհետև Սահմանադրության մեջ նշված է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է կառավարության բացառապես այն անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել և պետք է իրենց պարտականությունները կատարեն՝ մինչև կառավարության ձևավորումը։

«Իսկ վարչապետը Կառավարությունում առանձնահատուկ կարգավիճակ ունի, և նրա հրաժարականը նախագահի կողմից ամրագրելուց հետո, համապատասխան հրամանագրից հետո նա այլևս վարչապետի պարտականությունները որևէ ձևաչափով կատարելու իրավունք չունի»,-ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ ժամանակին մեր հասարակական կյանքը կարգավորվում էր իրավական ակտերով, որոնք ընդունում էին իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմա, պարզվում է, գոյություն ունի սոցիալական մի հարթություն՝ «Ֆեյսբուք», որտեղ վարչապետը կատարում է գրառումներ, որոնք ուրիշներն ընկալում են որպես իրավական նորմեր։

«ՀՀ-ում ընտրություններ չեն հայտարարվել, հունիսի 20-ն ընտրության օր չէ, ընտրության օրը որոշում է ոչ թե Հանրապետության վարչապետը, այլ հանրապետության նախագահը, դա նրա բացառիկ սահմանադրական իրավունքն է, ընդ որում, նախագահը դա անում է ոչ թե իր հայեցողությամբ, այլ դրան նախորդող կոնկրետ քաղաքական և իրավական գործընթացների վրա հիմնվելով։ Այդ գործընթացները տեղի չեն ունեցել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ նախագահը ընտրությունների օր սահմանելու վերաբերյալ հրամանագիր չի ստորագրել, դա վերաբերում է և՛ հերթական ընտրությանը, և՛ արտահերթ ընտրությանը։

«Վարչապետն ընդամենը մի ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ցանկացած պահի կարող է և՛ խմբագրել, և՛ հեռացնել, և՛ կատարել նոր գրառում»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ հրաժարական տալու մտադրությանը, Ղազարյանն ասաց, թե դա ողջունելի է։ «Վերջապես հասարակական գրեթե բոլոր շերտերի, ինստիտուտների կողմից պահանջը ներկայացնելուց հետո, բարեբախտաբար, դա հասել է նաև նրա գիտակցությանը, և հայտարարեց, որ պատրաստվում է ապրիլի վերջին հրաժարական տալ։ Հուսով եմ, որ մենք ապրիլի 20-ին այդ չարիքից վերջնականապես կազատվենք»,-ասաց Էդգար Ղազարյանը։ 



Աղբյուր