[ad_1]

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ Աղավնատուն գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում գործով տուժողը հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացի, 1984թ. ծնված տղամարդու հասցեին, որի վերաբերյալ վերջինս փորձել է պարզաբանումներ  ստանալ նրանից: Մերժում ստանալով՝ 36-ամյա տղամարդը, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով երկուսով վայր են ընկել մայթեզրին, սակայն տղամարդը շարունակել է հարվածներ հասցնել իրեն վիրավորանքներ հասցրած համագյուղացու մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում միջադեպին ներկա գտնված անձանցից մեկը՝ 36-ամյա տղամարդու ընկերը, վիճաբանության հանգամանքը  պատրվակ դարձնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված քաղաքացիների նկատմամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել ինչպես դեպքի վայրում գտնվող քաղաքացիների, այնպես էլ՝ վիճաբանության մասնակիցների ուղղությամբ և դիմել փախուստի:   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությունն ավարտվել է և, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դեպքի վայրում կրակոցներ արձակելու վերաբերյալ մասով վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հետախուզվող մեղադրյալի քննությունից թաքնվելու հիմքով):



Աղբյուր