«ՎԵՏՕ» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որով  շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր երեկ իրենց կողքին էին:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել «ՎԵՏՕ» շարժման կին անդամների բողոքի ակցիան: Ակցիայի ընթացքում մի շարք կանայք, այդ թվում «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշպխանյանը, և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը բերման են ենթարկվել:

«Առաջին հերթին, շնորհակալ ենք մեր կոչով միացած այն խիզախ կանանց, որոնք արհամարելով թուրքական իշխանությունների կողմից կիրառվող բիրտ ուժը՝ մինչև վերջ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և դավաճանների գլխին հագցնել իրենց խորհրդանիշը՝ թուրքական ֆեսը:

Խոնարհվում ենք որդեկորույս բոլոր այն մայրերի առջև, որոնք վճռել են չլռել իրենց զավակների կորստի ցավի մասին և գնալ մինչև վերջ՝ նրանց մահվան հանգամանքներն իմանալու և ինքնազոհողությունն իմաստավորելու համար: Երեկվա մեր ակցիան նպատակ ուներ նաև այդ մայրերի սրտին մի փոքր մխիթարություն բերել, որպեսզի նրանք տեսնեն, որ միայնակ չեն իրենց վշտի ու ցավի հետ:

Շնորհակալություն մեզ աջակցություն հայտնած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, քաղաքացիներին:

Եվ վերջում՝ շնորհակալություն այն տղամարդկանց, որոնք, այնուամենայնիվ, միացել էին մեզ և փորձում էին կանխել ոստիկանների բռնի գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր