[ad_1]

Ճապոնիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի առաջատար էլեկտրատեխնիկական կորպորացիաներից մեկի՝ Toshiba-ի ընթացիկ գործունեության պահպանմանը, որը պատրաստվում է գնել բրիտանական CVC Capital Partners ներդրումային ֆոնդը: Այս մասին այսօր Տոկիոյում մամուլի ասուլիսում ասել է  կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա ճապոնական տնտեսական հանրույթի համար կարեւոր ձեռնարկություն է,- ասել է նա: — Անհրաժեշտ է, որ այն պահպանի իր գործունեությունը եւ կառավարման կառուցվածքը»:

Toshiba-ի ղեկավարությունն արդեն հաստատել է, որ բրիտանական ներդրումային ֆոնդից գնելու առաջարկ է ստացել: Այս հարցով առաջիկայում կգումարվի կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստ: Սրա հետ կապված Ասիայում ամենախոշոր Տոկիոյի ֆոնդային բորսան կասեցրել է Toshiba-ի բաժնետոմսերով գործարքները, որոնց պահանջարկի իրարանցում է սկսվել:

Այս կորպորացիայի բաժնետոմսերի գինը ապրիլի 6-ի դրությամբ անցնում էր 1,7 տրլն իենը (գրեթե 16 մլրդ դոլար): Հավելավճարը հաշվի առնելով՝ կարծիք կա, որ բրիտանական ֆոնդը կարող է առաջարկել ավելի քան 2 տրլն իեն (18 մլրդ դոլարից ավելի): Սա Ճապոնիայի պատմության մեջ կլինի նման կարգի ամենախոշոր գործարքը, նշում է «Նիկեյ» գործարար պարբերականը: Toshiba-ն, բացի լայն շրջանակի էլեկտրատեխնիկական արտադրանքի թողարկումից, զբաղվում է ատոմային արդյունաբերության համար սարքավորումների արտադրությամբ, ունի պաշտպանական պատվերներ: Ուստի կորպորացիայի գնման գործարքը պետք է ստանա Ճապոնիայի կառավարության հավանությունը:

Վերջին տարիներին կորպորացիան ճգնաժամ է ապրում՝ կապված, մասնավորապես, 2015 թվականին նրա ֆինանսական հաշվետվությունների կեղծման պատճառով բռնկված խոշոր սկանդալի, ինչպես նաեւ լուրջ վնասների հետ, որ 2017 թվականին կրել էր ամերիկյան ստորաբաժանման սնանկացման պատճառով: Վերջին շրջանում Toshiba-ն տուժել է նաեւ իր ղեկավարության եւ մի շարք խոշոր բաժնետերերի միջեւ վեճի պատճառով:



Աղբյուր